Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակնհայտ է, որ, «Նաիրիտ»-ի հետ կապված «մութ» բառը չասեմ, բայց բազմաթիվ պատմություններ կան` վարկերի, պարտքերի ու օֆշորային ընկերությունների հետ կապված, ուստի շատ հարցեր սպասում են իրենց պատասխաններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով «Նաիրիտ»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Դաշնակցություն խմբակցության նախաձեռնության և ՀՀԿ խմբակցության «դեմ» քվեարկության մասին:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի շուրջ բազմաթիվ ակնհայտ խնդիրներ կան, որոնք առանց ուսումնասիրելու, առանց վեր հանելու հնարավոր չէ որոշել գործարանի հետագա ճակատագիրը: Պատգամավորի խոսքով՝ հազարավոր նաիրիտցիներ հիմա վատ վիճակում են, ստիպված են լինում ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր կազմակերպել: «Մենք չենք ընդունում քաղաքական մեծամասնության փաստարկները: Այսօր իրանական մի ընկերություն «Նաիրիտ»-ի հարցով դատարան է մտել, և այդ դատը կայանալու է մարտի 10-ին: Կարծում եմ` գոնե այս քննարկումներից հետո կառավարությունն ամեն ինչ կանի, որ «Նաիրիտ»-ին սնանկացման չտանեն, որովհետև, հակառակ դեպքում, կփակվի «Նաիրիտ»-ի բոլոր պատմությունների շղթան»,- ասաց պատգամավորը` հույս հայտնելով, որ նման գործընթաց տեղի չի ունենա, որովհետև Հանրապետական կուսակցությունը խոստացել է առաջիկայում մանրամասն զբաղվել «Նաիրիտ»-ի հարցով:
Աղվան Վարդանյանը նշեց նաև, որ եթե հնարավոր չեղավ «Նաիրիտ»-ի հետ կապված խնդիրները ԱԺ-ում կազմակերպել, ապա կնախաձեռնեն հրապարակային լսումներ՝ հրավիրելով այն մարդկանց, ովքեր լավատեղյակ են «Նաիրիտ»-ի խնդիրներին, ԶԼՄ-ներին, որպեսզի փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում «Նաիրիտ»-ի շուրջ:
Մեր այն հարցին` արդյո՞ք նաիրիտցիները կսպասեն մինչև աշուն, որ այդ հարցը նորից բարձրացվի, եթե արդեն հիմա նրանք խոսում են արտագաղթելու մասին, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ թեև աշխատակիցները հիմա գտնվում են ծանր վիճակում, բայց հարցը նաև կառավարություն-գործարան հարաբերությունների մեջ է: «Մենք մինչև վերջ պաշտպանելու ենք աշխատողների շահերը: Եվ երբ նախաձեռնենք հրապարակային քննարկումներ, դրանց կմասնակցեն նաև Նաիրիտ»-ի աշխատակիցները, որովհետև նրանք տիրապետում են «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված պատմությունների ամբողջ շղթային: Պետք է տաք պահենք այս թեման, մինչև տեսնենք, թե ուր ենք հասնում»,- ասաց Աղվան Վարդանյանը: