կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-05 12:55
Քաղաքական

Մենք դուրս ենք գալիս միանձնյա ղեկավարման շրջանակներից. Աղվան Վարդանյան

Մենք դուրս ենք գալիս միանձնյա ղեկավարման շրջանակներից. Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կարող է լինել համագործակցությունը իշխանությունների հետ, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն որոշել է չհամագործակցել իշխանությունների հետ` դա անարդյունավետ համարելով, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այն, ինչ որոշում է ԲՀԿ-ն, դա իր խնդիրն է, ներկուսակցական հարցերը, և ես բացարձակապես հետաքրքրված չեմ, բայց մենք ասել ենք, որ բնական ու նորմալ համագործակցությունը, կոալիցիան ընտրություններից հետո է լինում, և դա իրական է, երբ որևէ քաղաքական ուժ առանձին չի ունենում մեծամասնություն, և երբ որոշումները հստակ մեկը մյուսով պայմանավորված են: Բայց մենք նոր իրավիճակում ենք գտնվում, ունենք հսկայական աշխատանք` գոնե սկսելու կյանքի կոչել նոր համակարգը: Այստեղ, այո, մենք գտնում ենք, որ ուժերի միավորումը կարող են արդյունք տալ: Մենք ուզում ենք այս երկրում գոնե փոքր դրական փոփոխություններ առաջացնել, հույս ներշնչել, որ համակարգն իսկապես լիարժեք կաշխատի: Այո, մեկ տարին բավարար է դրա համար, վեց ամիսն էլ է բավարար, երեք ամիսն էլ գուցե բավարար` հույս առաջացնելու: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետականը զվարթնոց չէ, այսինքն` հրեշտակների հավաքվելու վայր: Նույնիսկ Դաշնակցությունը զվարթնոց չէ: Պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ, բայց մեր պես քաղաքական ուժը ունենում է հստակ առանցք և ուղղություն: Եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, վստահ եղեք, որ չենք անի: Մենք գիտենք, որ այս երկրում կան լրջագույն խնդիրներ, և անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Կկարողանա՞նք նպաստել դրան, ուրեմն կաշխատենք»:

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ ասում էր, որ ՀՅԴ-ի հետ նախատեսվում է երկարաժամկետ, կայուն համագործակցություն, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ խոսվում է ապագայի կոնտեքստում, որ եթե կարողանում են համագործակցությամբ լավ հիմքեր դնել, փոփոխություններ ու հույս առաջացնել, կախված 2017թ. ընտրությունների արդյունքներից` կքննարկվի արդեն կոնկրետ ձևաչափը:

«Ուզենք, թե չուզենք, մենք դուրս ենք գալիս միանձնյա ղեկավարման շրջանակներից, ինչը ենթադրում է բոլորովին այլ հարաբերություններ, բոլորովին այլ տիպի աշխատանք»,- ասաց նա՝ հորդորելով լրագրողներին կարդալ Կարո Արմենյանի հոդվածը «Ասպարեզ» օրաթերթում: