Փոխարժեքներ
17 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը պաշտոնապես ստորագրվել է Դոհայում բանակցողների կողմից: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ինչպես նշել է լրատվական հարթակի զրուցակիցը, համաձայնագիրը ստորագրել են Իսրայելի, Կատարի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները։ ԱՄՆ-ի անունից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Մերձավոր Արևելքի հարցերով գլխավոր խորհրդական Բրեթ Մաքգուրքը։
Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջողվել է հասնել հրադադարի և պատանդների վերադարձի վերաբերյալ համաձայնության՝ չնայած մինչ այդ նրա գրասենյակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր վերջին պահին համաձայնագրի որոշ կետերից հրաժարվելու մեջ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի անվտանգության կաբինետը և կառավարությունը դեռ հավանություն չեն տվել համաձայնագրին։ Այդ հարցի շուրջ քվեարկությունն, ըստ Նեթանյահուի, տեղի կունենա հունվարի 17-ի երկրորդ կեսին նախատեսված նիստերից հետո։ Ի սկզբանե քվեարկությունը նախատեսված էր հունվարի 16-ին։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգնականը Axios-ին հայտնել է, որ այս ժամանակացույցի պատճառով հրադադարը և առաջին երեք պատանդների ազատ արձակումը հունվարի 19-ից հետաձգվելու են մինչև հունվարի 20-ը։
Ըստ Axios-ի՝ ՀԱՄԱՍ-ը ցանկացել է փոփոխել պաղեստինցի այն բանտարկյալների վերջնական ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում՝ 33 իսրայելցի պատանդների դիմաց։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ «հանձնառու է մնում հրադադարի այն համաձայնագրին, որի մասին հայտարարել են միջնորդները»։
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կգործի հրադադար, և իսրայելական ուժերը կլքեն Գազայի հատվածի ամենախիտ բնակեցված տարածքները և կտեղափոխվեն դեպի անկլավի սահմանները։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին կազատի 33 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ կանանց ու տարեց քաղաքացիների, իսկ Իսրայելը կազատի որոշակի թվով պաղեստինցի բանտարկյալների։
Հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին հայտարարությունից հետո իսրայելական ուժերը շարունակել են ավիահարվածները պաղեստինյան անկլավին։ Reuters-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել է, որ իսրայելական հարվածներից Գազայի հատվածում հունվարի 16-ին առնվազն 86 մարդ է զոհվել։