կարևոր
601 դիտում, 8 ժամ առաջ - 2025-01-17 15:19
Քաղաքական

ՀՀ և ՌԴ հաղորդագրություններն իրարից տարբերվում են․ ի՞նչն է շրջանցել Փաշինյանի իշխանությունը

ՀՀ և ՌԴ հաղորդագրություններն իրարից տարբերվում են․ ի՞նչն է շրջանցել Փաշինյանի իշխանությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ նշենք՝ պաշտոնական հաղորդագրություններն իրարից զգալիորեն տարբերվում են։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Իսկ ըստ ռուսական կողմի՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր։

Կրեմլի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում նշվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքում զգալի գործնական օգուտներ, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար (նկատենք՝ հայկական կողմն այս մասը շրջանցել է)։

Կրեմլը նաև տեղեկացնում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին գործողությունները, իսկ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։