կարևոր
502 դիտում, 7 ժամ առաջ - 2025-01-18 14:33
Քաղաքական

10 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը Ալիեւին 3 էական զիջում արեց․ Արթուր Խաչատրյան

10 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը Ալիեւին 3 էական զիջում արեց․ Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը 10 աշխատանքային օրվա ընթացքում 3 էական զիջում արեց Ալիեւին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին, այսպես կոչված, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված համաձայնությանը։

Շահին-Մուստաֆաեւ-Մհեր Գրիգորյան հայտարարությունը, Արթուր Խաչատրյանի խոսքով, այդ զիջումներից հերթականն է, իսկ առաջին ծխծեռնակը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի համաձայնությունն էր՝ Ալիեւի պահանջին ընդառաջ։

«Դա Ալիեւի պահանջի կատարումն էր, ճիշտ է՝ Փաշինյանը դեռ անցյալ տարի խորհրդարանում հռետորական հարց էր ուղղել, թե՝ իսկ ի՞նչ է տալիս Մինսկի խումբը Հայաստանին, բայց, եթե Հայաստանի համար օգուտ չէր տրամաբանական կլիներ ենթադրել, որ Հայաստանը առաջինը պետք է դիմեր, բայց Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է դիմել՝ Ադրբեջանի հրահանգից հետո», - ասում է պատգամավորը։

Հաջորդ զիջումն, ըստ Խաչատրյանի, վերաբերում է սահմանադրական հանրաքվեին ու շեշտում է՝ եթե անցյալ տարի ՔՊ-ականները հայտարարում էին, որ այն պետք է անցկացվի 2027 թվականին, օրեր առաջ հայտարարվեց, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի 2026 թվականին, որն, ըստ մեր զրուցակցի, արտացոլելու է Ալիեւի պահանջները, հենց այդ պահանջները բավարարելու համար է Նիկոլ Փաշինյանը մոգոնել «իրական Հայստանի ցնորամտությունը»։ Պատգամավորն ընդգծում է՝ տարեսկզբին Ալիեւը հոխորտաց ու սպառնալիքներ տեղաց Հայաստանի հասցեին, հաջորդ օրը Փաշինյանը համաձայնեց կատարել նրա բոլոր պահանջները, իսկ որոշներին ընդհանրապես չպատասխանեց։

«Երեկ մենք տեսանք երրորդ զիջումը Ալիեւին։ Ընդամենը 10 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը Ալիեւին 3 էական զիջում արեց։ Մուստաֆաեւ- Գրիգորյան հայտարարությունը բավականին խրթին է ձեւակերպված՝ սկիզբը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան խաչմերուկից, այսինքն, նախկին Նոյեմբերյանի շրջանից՝ Սադախլո, Մառնեուլի եւ այլն, սկսում են եւ գնում են դեպի հարավ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը պնդել, որ այդ կետից սկսեն սահմանազատումը, որովհետեւ նրանք հայտարարում են, թե այնտեղ է գտնվում իրենց, այսպես կոչված, Ասկիպարի անկլավները։ Ո՛չ մի Ասկեպար ես չեմ ճանաչում, բայց Ադրբեջանը հավակնություններ ունի հայկական Ոսկեպարի նկատմամբ։ Այդտեղով սահմանազատման գնալով, Փաշինյանը, փաստորեն Ալիեւին խոսք է տալիս՝ հանձնել նաեւ Ոսկեպարի հատվածը»,-շարունակում է Խաչատրյանը։

Մինչդեռ, տրամաբանական կլիներ, եթե, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն սկսեին, օրինակ, Ջերմուկից կամ Շորժայից, որտեղ Ադրբեջանը դեռեւս 2021 -ից է տարածքներ օկուպացրել կամ, ինչպես ընդդիմադիր պատգամավորն է նկատում, օրինակ, հայկական Արծվաշենից, որը Ադրբեջանն օկուպացրել է դեռ 1992 թվականից։

Հիշեցնենք, հունվարի 16-ին պաշտոնական հայտարարություն եղավ այն մասին, որ Մուստաֆաևի ու Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել «սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև ՀՀ եւ և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետայսպես»:

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, որ օրինակ, Բերքաբերի հատվածում ՀՀ իշխանությունը, առանց հայելային հետքաշում պահանջելու, Ադրբեջանին հանձնեց հայկական ինքնիշխան տարածքներ՝ էական հատված Կիրանցի տարածաշրջանում։ «Հիմա Փաշինյանն ասում է, որ դա Հայաստանի միակ ձեռքբերումն է։ 34 տարի անկախ լինելու պարագայում Փաշինյանը միակ ձեռքբերում է համարում ժեշտից ինչ-որ ցանկապատ», - արձանագրում է ընդդիմադիր պատգամավորը։

Մտահոգիչ է նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ադրբեջանի ռազմական ներխուժման հավանականությունը մեծ է համարում Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ռուս սահմանապահներն այդ հատվածից դուրս բերվեցին ու հիմա իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե ամերիկյան հեռացող վարչակազմի հետ կնքված գործընկերության փաստաթուղթը կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, մինչդեռ ԱՄՆ-ն այդ տեքստով որեւէ պատասխանատվություն չի ստանձնում՝ ապահովելու ՀՀ սահմանների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ստեղծված իրավիճակում, երբ վերահաս է ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան, Հայաստանը կորցրել է հին դաշնակիցներին, իսկ նորերին ձեռք չի բերել՝ գործնականում մնալով մեկուսացման մեջ։