Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 20-ին եւ 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ազգությամբ հույն հանրահայտ երաժիշտ եւ երգահան Յաննիի համերգը: Ինչպես եւ խոստացել էր Յաննին, համերգի ընթացքում մի շարք անակնկալներ մատուցվեցին հանդիսատեսին:
Նվագախմբի երաժիշտներից մեկը` Չարլի Ադամսը /հարվածային գործիքներ/, բեմ էր դուրս եկել հայկական ֆուտբոլային համազգեստով /ինչպեսեւ Յաննիի նախորդ` 2011թ. հայաստանյան համերգի ժամանակ/: Իսկ ջութակահար Սամվել Երվինյանը համերգի ընթացքում կատարեց հայկական պարեղանակ` շալախո: Նա Յաննիին սովորեցրել էր «շնորհակալություն», «ես ուրախ եմ, որ կրկին Երեւանում եմ» արտահայտությունները:
Ի դեպ, Յաննին համերգի ընթացքում եւս մեկ անգամ շեշտեց /ինչպես մամլո ասուլիսի ժամանակ/, որ Սամվել Երվինյանն աշխարհի լավագույն ջութակահարն է, եւ ինքն ուրախ է, որ նա հայ է:
Յաննին կատարումներից առաջ երբեմն ներկայացնում էր երգի ստեղծման պատմությունը, ինչպես նաեւ տպավորություններ` իր համերգային շրջագայություններից. վերջերս նրան Չինաստանում փոքրիկ պանդա արջուկ են թույլատրել որդեգրել, ինչը շատ է պարտավորեցրել երաժշտին, քանի որ Չինաստանը պանդա արջ նվիրում է միայն բացառիկ պետությունների եւ ոչ երբեք անձի:
«Ես սիրում եմ Հայաստանը եւ հայերին, դուք շատ զգացմունքային եք: Երաժիշտ լինելն իր առավելություններն ունի. կարեւորներից մեկն այն է, որ դու հնարավորություն ես ունենում համերգային շրջագայությունների մեկնել տարբեր երկրներ եւ ծանոթանալ տարբեր մշակույթների հետ, որոնք հետո մեծ նստվածք են թողնում քեզ վրա եւ դառնում ստեղծագործություն»,- ասաց երաժիշտը:
Համերգի ընթացքում Յաննին կատարեց հին ու նոր ստեղծագործություններ` «Truth of Touch», «Keys to Imagination», «The End of August», «The Rain Must Fall», «Standing in Motion», «The Storm», «Niki Nana», «Harp Solo», «One Man's Dream»... Սակայն հանդիսատեսը չէր ցանկանում դահլիճը լքել եւ իր ծափողջույններով Յաննին կրկինբեմ հրավիրեց:
«Չգիտեմ` ինչպես հանգստացնեմ ձեզ... Այո, նաեւ ինձ»,- ասաց երաժիշտը` պատմելով, որ վերջերս մի հաղորդում էր տեսել, որի ժամանակ տիեզերագնացները ներկայացնում էին, թե ինչ տեսք ունի վերեւից երկիրը. «Նրանք ասում էին, որ վերեւից դժվար է պետությունները տարբերել իրարից, քանի որ այն սահմանները, որոնք կան քարտեզի վրա, հողի վրա բացակայում են: Ես երազում եմ այն մասին, որ մի օր կջնջվեն բոլոր սահմանները, եւ մենք կլինենք ոչ թե այսինչ պետության բնակիչ, այլ` Երկրի: Սիրում եմ բոլորիդ ու խոստանում, որ հաջորդ, ինչպես նաեւ դրան հաջորդող տարիներին նույնպես Հայաստան կայցելեմ: Մի կատարում` իմ եւ ձեր կրքերը հանդարտեցնելու համար»:
Ի դեպ, Յաննիի համերգին մասնակցելու համար Իրանից երկու քաղաքացի էին եկել Հայաստան, բայց ոչ թե ինքնաթիռով, այլ` հեծանիվով` 2 շաբաթ` գիշեր-ցերեկ վարելով այն:
Դրական էներգիա, զգացողություններ ու «մեկ ծաղկով գարուն բերելու» կամք` ահա, այն ամենը, ինչ մնաց Յաննիի համերգից հետո:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` aysor.am-ի