Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովը, որին ներկա էին ե'ւ թուրք, ե'ւ հայ փորձագետներ:
Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ստի բացահայտումը բավարար չէ, անհրաժեշտ է բացահայտել դրա պատճառը:
«Հանցագործությունը ծածկել եւ մերժել Ցեղասպանության փաստը. սա հանցագործի կրիմինալ մտածելակերպի իրական եւ ամբողջական արտահայտությունն է: Հայերի Ցեղասպանության մեջ թուրքերը մեղադրում են բոլորին, անգամ` հայերին, բայց ոչ իրենց»,- ասաց նա` հավելելով, որ երկու հարեւան պետությունները չեն կարող ջայլամի նման փախչել իրենց պատմությունից:
Ուշագրավ էր Թուրքիայի Բահչեշեհիր համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարի ելույթը: Նա շեշտեց, որ ինքը համամիտ է Հրանտ Դինքի հետ, որ կարեւորը ոչ թե Ցեղասպանության ընդունումը կամ ժխտումն է, այլ ըմբռնումն ու խնդրի էության գիտակցումը:
«Խնդրի ճանաչումը գործընթաց է, որը չի կարող հետ զարգացում ապրել, այսինքն` այդ ուրվականները շշի մեջ չենք կարող մտցնել, դրանք արդեն շշից դուրս են եկել»,- ասաց Չենգիզ Աքթարը:
Ըստ Աքթարի` Թուրքիայում արվում է ամեն ինչ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` հայերի իրավունքների վերականգնման համար: Օրինակ` տարբեր ցուցահանդեսների միջոցով փորձում են վերականգնել մշակութային եւ հասարակական հիշողությունը: Այսինքն` հույսներս դնենք ցուցահանդեսների վրա:
Աքթարը նաեւ նշեց, թե գյուղերում, որտեղ նախկինում հայեր են ապրել, ավելի շատ է հիշողությունը, քան քաղաքում: Ուշադրություն դարձնենք` ասում է` նախկինում, փաստորեն, այժմ այնտեղ հայեր էլ չկան: Այս մտքին գալիս է հակասելու նրա մեկ այլ հայտարարություն, որ վերջին շրջանում «կրոնին վերադառնալու դեպքերը շատացել են»:
Ի դեպ, Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է նաեւ «Կոչ ներումի» գրքի հեղինակը, երբեւէ հալածանքի չի ենթարկվել Թուրքիայում, ավելին` շատ մտերիմ է մի շարք պետական գործիչների հետ: