կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 15:43
Քաղաքական

Ոչ մի վատ գործ առանց խրախուսանքի չի մնում. Նաիրա Զոհրաբյանը` վարչապետի վերանշանակման մասին

Ոչ մի վատ գործ առանց խրախուսանքի չի մնում. Նաիրա Զոհրաբյանը` վարչապետի վերանշանակման մասին

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար։ Շատերի նման ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար եւս այս որոշումն անակնկալ չէր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ արդեն տեւական ժամանակ է` ակնհայտ էր, որ Տիգրան Սարգսյանը վերանշանակվելու է:

 

«Տիգրան Սարգսյանի կառավարության, Տիգրան Սարգսյանի տնտեսական թիմի, Տիգրան Սարգսյանի սոցիալ-տնտեսական գաղափարախոսության, փիլիսոփայության վերաբերյալ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել է, եւ այն մնում է ուժի մեջ: Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր գործունեությամբ երկիրը տարել է սոցիալ-տնտեսական փակուղի, եւ նրա վերանշանակումը մեկ բանի մասին է խոսում` երկրի առջեւ ծառացած լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ուղղակիորեն խորանալու են: Եթե ահագնացող արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը, աննախադեպ թվերի հասնող արտաքին պարտքը համարվում է լավ աշխատանքի արդյունք, մենք ասելու բան չունենք»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս կառավարությունը` այս վարչապետի գլխավորությամբ, բացարձակապես սխալ տնտեսական քաղաքականություն է վարում, որի հետեւանքը ահագնացող արտագաղթը, աղքատությունն ու գործազրկությունն են, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

 

ԲՀԿ-ական պատգամավորը տեղին համարեց վերափոխել հայտնի միտքը, թե ոչ մի վատ գործ անպատիժ չի մնում, եւ հայտարարեց. «Ոչ մի վատ գործ առանց խրախուսանքի չի մնում»: