Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ մեկը հանկարծ չփորձի դեմագոգիայով զբաղվել և ինձ մեղադրել, որ կողմ եմ կարգազանցությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսքն ուղղելով Ճանապարհային երթևեկության բալային համակարգի օրենքի մասին իր դիրքորոշումը սխալ մեկնաբանողներին։
«Ո՛չ, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ դուք նույնիսկ մեղմ պատիժ եք նախատեսում հարբած ղեկին նստելու համար, ես ասում եմ՝ բռնեցիք հարբած ղեկին՝ տեղում կալանավորեք, տեղում քրեական գործ հարուցեք, այլ ոչ թե բալ հանեք կամ տեղում երկու տարով զրկեք վարորդական իրավունքից։ Բռնեցիք հաբռգած որևէ լակոտի՝ արագությունը գերազանցելիս, տեղում քրեական գործ հարուցեք, որովհետև նրանց պատճառով է ավտովթարների՝ մահվան ելքերով կատաստրոֆիկ վիճակագրությունը»,-ասաց նա։
Պատգամավորը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե այս դեպքերը արդարացնելու մասին է, այլ նախ՝ փողոցները կահավորելու, երթևեկությանը հարմարեցնելու, նոր վարորդների հանդեպ այդքան խիստ պատիժներ կիրառելու մասին։
«Երբ քո քաղաքի ուրբանիզացիոն առանձնահատկությունները հաշվարկված չեն, երբ Երևանի ճանապարհները քարտեզագրված են դեռևս խորհրդային ժամանակների քարտեզներով՝ երբ Երևանը նախատեսված չէր այսքան թվով մեքենաների համար, երբ մեր լուսակիրների մի մասը կա կամ չկա, կանաչից փոխում է կարմիրի՝ դեղինը ընդհանրապես գոյություն չունի, երբ գծանշումները շատ դեպքերում հստակ չեն, երբ մենք ունենք միջնադարին հավասար ավտոկայանատեղիներ՝ երբ երկրորդ, երրորդ չորրորդ գիծ կայանում են, այլապես ուղղակի հնարավոր չէ․ եթե այս խնդիրները լուծեք, դրանից հետո, այո՛, անցեք այս համակարգի ներդրմանը։ Բայց դուք այս ամենը չեք անում և տաքսու վարորդից պահանջում եք, որ ինքը չկայանի երկրորդ գիծ կամ կայանի 30 վայրկյան, որի ընթացքում պիտի ատլետ լինեն՝ նստել և դուրս գալու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքում ԲՀԿ պատգամավորը նաև մարդու իրավունքների խախտում է արձանագրել․ «Մի օրինազանցման համար վարորդը և՛ ֆինանսական տույժի է ենթարկվում, և՛ բալ է հանվում։ Այնինչ, մեկ խախտման համար մարդը մեկ պատժատեսակի պետք է ենթարկվի, ոչ թե միանգամից երկու․ սա էլ եմ ես համարում խնդրահարույց»։
Իր դիրքորոշումից զարմացողներին Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս հիշել խորհրդարանում այս օրինագծի քննարկումները, երբ Բարգավաճ Հայաստանի պատգամավորները հստակ ասում էին՝ այս նախագիծը դառնալու է պրոբլեմ։
Պատգամավորն առաջարկեց աղմուկ բարձրացնելու փոխարեն արդեն գործողության մեջ մտած օրենքը իբրև նախագիծ բերել ԱԺ, որպեսզի այդ խնդրահարույց դրույթները հանվեն։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՃՈ տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Վարորդներից յուրաքանչյուրը պայմանականորեն ունենալու է 9 բալ, որոնք կնվազեն ճանապարհային երթևեկության կանոնների ամեն խախտումով։ Բալերի՝ զրոյանալուն պես անձը 1-6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ Վարելու իրավունքը անձը կարող է վերականգնել քննություն հանձնելով, եթե լրացել է 6-ամսյա ժամկետի կեսը։ 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի մեքենա վարելու իրավունքից արդեն 1 տարի:
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․