|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Անցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ՕԵԿ տանդեմը Երևանում համամասնական ընտրակարգով «ստացել է» 43 տոկոս քվե: Դրանից հետո առ այսօր իշխանական ուժերի շահերից ելնող լուրջ փոփոխություններ, տեղաշարժեր չեն եղել: Հակառակը` Երևանի մի քանի ընտրատարածքներում նախագահական ընտրություններին հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը վկայում է, որ ունեցած էլեկտորատը կառավարելու առումով մայրաքաղաքում ՀՀԿ-ն այլևս լուրջ խնդիրներ ունի: Այսինքն` մայիսին կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ամենամեծ մարտահրավերը լինելու է այդ խնդրի լուծումը, որից է կախված լինելու` ՀՀԿ-ն ավագանիում բացարձակ մեծամասնություն կունենա՞, թե՞ ոչ:
Ըստ Երևանի մասին օրենքի` քաղաքապետ առաջադրելու միանձնյա իրավունքը ձեռք է բերում այն ուժը, որը ստացել է առնվազն 40 տոկոս քվե: Քանի որ այս ընտրությունները ևս անցկացվում են համամասնական ընտրակարգով, պարզ է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի օգնությամբ ձգտելու է առնվազն ապահովել այդ ցուցանիշը: ԱԺ ընտրությունների արդյունքները (համամասնական ընտրակարգով) ցույց են տալիս, որ այդ ցուցանիշը ՀՀԿ-ն, իր ողջ վարչական, օլիգարխիկ ու քրեական ռեսուրսները կենտրոնացնելով հանդերձ, հազիվ է կարողանում ապահովել 43 տոկոսի սահմանում: Այսինքն` Երևանի կառավարման քաղաքական մենաշնորհից ՀՀԿ-ին զրկելու նպատակ ունեցող ուժերից պահանջվում է ընդամենը թույլ չտալ ՀՀԿ-ին` ձեռք բերել այդ` առավելագույնը 4 տոկոս քվեն: Հասկանալի է, ըստ այդմ, թե ինչու է ՀՀԿ-ն, անգամ իր իմիջը տրորելու գնով, ավագանու սեփական համամասնական ցուցակում ընդգրկել կուսակցական քրեա-օլիգարխիկ ակտիվի «զավակներին»: Դրանով նա ոչ այնքան նոր սերնդի համար ուղի է հարթում, որքան դրդում է նրանց «ավագներին» անձնական շահագրգռություն ցուցաբերել ՀՀԿ-ի համար ձայներ բերելու գործում: Սա փորձված և ՀՀԿ-ի համար` իրեն արդարացրած մեթոդ է: Անցած ԱԺ ընտրություններում այս կոնտինգենտին շահագրգռելու միջոցը նրանց մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուն զուգահեռ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելն էր` իբրև ԱԺ անցնելու պահեստային տարբերակ: Դրանով իշխանությունը վերջիններիս երաշխավորեց, որ եթե լավ աշխատեն նաև կուսակցության համար, անպայման մանդատ կունենան:
Հիմա նույնը կատարվում է Երևանի ավագանու պարագայում: Իրականում սա ցույց է տալիս, թե որքան մտահոգ է իշխանությունը: Ո'չ Սերժ Սարգսյանը և ո'չ էլ ՀՀԿ-ն վստահ չեն իրենց հաղթանակում: Նրանք հրաշալի հասկանում են, որ հատկապես նախագահական ընտրություններից հետո մեծացել է քվեարկության միջոցով եղանակ փոխելու հարցում թե' սովորական քաղաքացու և թե' քաղաքական մյուս ուժերի ինքնավստահությունը: Փաստացի վճռական նշանակություն ունեցող 3-4 տոկոսի համար մրցավազքը առաջ է բերում ոչ այնքան ընդդիմադիր ուժերի ռեսուրսները համատեղելու, որքան նույնիսկ իրական մրցակցության ապահովման անհրաժեշտություն: Եթե այլընտրանքային ուժերը` «Բարև Երևան» դաշինքը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ջանք գործադրեն ագրեսիվ, գրագետ և կրեատիվ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ, կարող են հանգիստ ՀՀԿ-ից խլել այդ 4 տոկոսը` անկախ նրանից, թե այդ ձայները որքանով հավասարաչափ կամ անհավասարաչափ կբաշխվեն նրանց միջև:
Սակայն, գրագետ քարոզչությունից զատ, այս ուժերին ահրաժեշտ է լինելու լուծել ևս երկու խնդիր: Նախ` որքան հնարավոր է շատ ընտրող բերել քվեարկության, որը հնարավոր է այդ քվեարկության, այսպես ասած, «ճակատագրականությունը», քաղաքական նշանակությունը յուրաքանչյուր ընտրողին հասցնելու միջոցով, և երկրորդ` վերահսկողությամբ սահմանափակել թե' ընտրարշավի ընթացքում և թե' բուն քվեարկության օրը ձայների հաշվարկի ժամանակ իշխանության կողմից ձայներ գողանալու հնարավորությունը: Դա էլ հնարավոր է ընտրություններում բավարար թվով սկզբունքային մարդ մոբիլիզացնելու շնորհիվ:
Իհարկե, սա չի նշանակում, որ եթե ՀՀԿ-ն զրկվի ավագանիում բացարձակ մեծամասնություն կազմելուց, կկորցնի իշխանությունը քաղաքի մասշտաբով, կամ Տարոն Մարգարյանը քաղաքապետ չի դառնա: Եթե բացարձակ մեծամասնություն ապահովելու խնդիրը ՀՀԿ-ն չլուծի, ստիպված է լինելու դիմել մրցակից ուժերից մեկին կամ մի քանիսին` կոալիցիա ձևավորելու նպատակով: Սա պահեստային, բայց խիստ իրատեսական տարբերակ է, որը երևում է նաև Սերժ Սարգսյանի ներկայիս վարքագծից: Թերևս, պատահական չէ, որ առ այսօր նա վարչապետ չի նշանակել, ինչը կարող է անել մինչև ապրիլի 19-ը: Եթե նա վարչապետ նշանակի սահմանված ժամկետի վերջին օրը, ապա կառավարություն ձևավորելու համար նախատեսված 20-օրյա ժամկետը կձգվի մինչև մայիսի 9-ը, այսինքն` Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ արդեն պարզ կլինի, թե որքանով է ՀՀԿ-ն կարողացել լուծել բացարձակ մեծամասնություն կազմելու առաջնային խնդիրը: Եթե պարզվի, որ չի հաջողվել, ապա Երևանում իշխանությունը չկորցնելու հարցը ՀՀԿ-ն կփորձի լուծել կառավարության ձևավորման հետ փաթեթով` պորտֆելները դնելով կոալիցիայի ձևավորման բանակցությունների սեղանին:
Այստեղ էական է դառնում, թե որքանով է մրցակից ուժերից յուրաքանչյուրն իր համար նախընտրելի համարելու ՀՀԿ-ի հետ դաշինքի կազմումը: Բայց, որպեսզի բանը կոալիցիային չհասնի, ինչը չի մտնում մոնոլիտ իշխանություն ձևավորելու` Սերժ Սարգսյանի փաստացի պլանների մեջ, ՀՀԿ-ն այս ընթացքում կփորձի քարոզչական ճակատում լուծել երկու տակտիկական խնդիր:
1. Նվազագույնի հասցնել Երևանի ընտրությունների քաղաքական նշանակությունը, որը ներկայումս դրսևորվում է Տարոն Մարգարյանի քարոզարշավում և ՀՀԿ-ից հնչող մեկնաբանություններում: Դա արվում է, այսպես կոչված, «3-4 տոկոսի հեղափոխությունը» կանխելու նկատառումով:
2. «Բարևի» շարժումը դիտարկելով նախագահական հետընտրական իրողությունների համատեքստում` ցույց տալ, թե որքան անհույս է, այս պահին ընդդիմադիր տրամադրությունները գեներացնող ուժի` Րաֆֆի Հովհաննիսյանի հակասական վարքագծի վրա հենվելով, Երևանում հեղափոխություն կատարելու` ընդդիմության նպատակը, և թե որքան պառակտված է ընդդիմադիր դաշտը` ՀՀԿ-ին խանգարելու իմաստով: Դրանով փորձ է արվելու պոտենցիալ ընդդիմադիր ընտրզանգվածին պահել տներում կամ առնվազն քվեախցիկներից հեռու:
Որքանով այս տակտիկան կաշխատի, մեծապես կախված է նրանից, թե ինչով դրա ազդեցությունը կփորձի չեզոքացնել ընդդիմությունը: Մեկ, երկու բացառություն չհաշված` նման միտումներ, սակայն, առայժմ նկատելի չեն:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ