կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 17:32
Քաղաքական

Եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Երևանը կարող են կործանել տգետները. Ռուբեն Մելքոնյան

Եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Երևանը կարող են կործանել տգետները. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր տարեվերջյան ամփոփիչ խոհերն է կիսել՝ այն վերնագրելով  «Կորուսյալ քառամյակի» թե՞ պետության ավարտը»:

նա, մասնավորապես, նշել է. «Տասնամյակներ հետո իր համակարգչի էկրանի առջև նստած և 21-րդ դարի առաջին քառորդի Հայաստանի մասին գրող պատմաբանը 2018-ից սկսված գործընթացը անվանելու հարցում բախվելու է հետևյալին՝ իր աշխատության ենթագլուխը վերնագրել «կորուսյալ քառամյակ» (եթե այս մղձավանջը ավարտվի 2022-ին), թե «Հայաստանի Հանրապետության ավարտը»: 

Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է: Իզմեր չունենալու մասին հայտարարող իշխանությունը իրականում ունի գաղափարախոսություն, դա նեոհերոստրատիզմն է, որի հետևանքով խարխլվեց մեր ազգային հրաշալիքը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները:

Նեոհերոստրատիզմի ամենամեծ աջակիցը տգիտությունն է և այդ ախտով տառապող հասարակական շերտերը: Եվ եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Հռոմից ավելի հին Երևանը կարող են կործանել տգետները:

Ավազի մեջ գլուխը հմտորեն մտցնելու հարցում ջայլամներին մի քանի անգամ գերազանցած «մտավորական» շերտը կրկնակի է մեղավոր: Մտավորականների մեջ կան մարդիկ, որոնք հիմա ցածրաձայն ասում են, որ 2018-ին սխալվել են, բայց նրանց մեջ հայտնիներ կան, որոնք պարտավոր են դա անել ավելի հանրային: Օրինակ՝ հայտնի դերասանը, երգիչը, որը զարմացած ասում էր «պարոն վարչապետ, մի՞թե սա իրականություն է» այսօր տեսնելով արյունահոսող Արցախը, բզկտվող Սյունիքը, անպաշտպան սահմանը, անարգված հայրենիքը, գերիներին՝ պետք է զարհուրանքով ասի. «պարոն վարչապետ, մի՞թե սա՛ է իրականությունը»:

Դե իսկ «սոկրատյան հանգստությամբ» այս ամենին նայողներին և մինչ օրս էլ հիացողներին, այս ավերի մասին լռողներին պետք է տալ ամենաբարձր կոչումներ, բայց ոչ Հայաստանի Հանրապետության:

Այսօրվա իշխող ուժի մոտ չգերիշխեց և չի էլ գերիշխելու պետական մտածելակերպը հեռանալ պետության ղեկից կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»: Եվ այս իրավիճակում ստացվում է հետևյալը. 1+1+1 լոզունգով իշխանության եկած պետականակործան ուժը պետք է հեռանա 680 000-1-1-1 բանաձևով, ուղղակի մինչև 680 հազարի հետհաշվարկը հասնի ավարտին Հայաստան անունով պետություն կարող է այլևս գոյություն չունենալ... »,- գրել է նա: