կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 12:22
Քաղաքական

Դուք, այո՛, հանձնել եք Սանասարն ու Կովսականը, հանձնել եք Գորիս-Կապան ճանապարհը. Աննա Գրիգորյան

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է, եւ ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այտեղ կան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:

«Եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարող ենք բացատրել: Պարոն Սիմոնյանն ասում է՝ մենք ոչինչ չենք զիջել: Ես համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ առաջին կետում գրված է, որ զորքերը կանգնում են այն դիրքում, որտեղ գտնվում են այդ պահին: Բայց հետո հետ են քաշվել ձեր հրամանով: Քանի որ Կովսականն ու Սանասարը որեւէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետեւաբար, դուք, այո՛, դուք այդ տարածքները հանձնել եք: Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ինքը ժամանակին հարցապնդումներ է ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ փորձելով հասկանալ, թե Որոտանի հատվածում ճանապարհի շահագործումը եւ երթեւեկությունն ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի, կամ հնարավոր վթարների դեպքում ինչպե՞ս պետք է կարգավորվի խնդիրը, երբ պատահարի կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ կլինեն: Առհասարակ, անվտանգության ի՞նչ երաշխիքներ պետք է այստեղ գործեն:

«Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, որտեղ գրված է, որ իրենց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը: Այսինքն՝ ՊՆ-ն պատասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել ու ասում է՝ գիտեք, այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, մի՛ անհանգստացեք, ռուսներն էլ էնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք: Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք: Եվ ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն՝ ինչպիսի իրավիճակ է, եւ մարդիկ ինչպիսի խնդիրների առջեւ կարող են կանգնել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: