կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 13:42
Քաղաքական

Փաշինյանը նախագահի ելույթը ցնցող որակեց

Փաշինյանը նախագահի ելույթը ցնցող որակեց

Մարդու իրավունքների պաշտպանի` 2012թ. զեկույցի վերաբերյալ խորհրդարանական իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ տարեկան զեկույցն ինչ-որ առումով «գոլ» է ստացվել, նույնիսկ` վախվորած, եւ դա երևաց նաև քննարկումների ժամանակ:

 

Պատգամավորն ասաց, որ օմբուդսմենը կարևոր շեշտադրում է արել՝ մաքսային և հարկային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ և, պաշտոնն օգտագործելով, մրցակցային առավելություններ են ստանում: Նա հայտարարեց նաեւ, որ քննարկումների ընթացքում հետաքրքիր դեպք է գրացվել` պատգամավորներն անուններ են պահանջել, բայց ՄԻՊ-ն այդպես էլ անուն չի տվել:

 

«Ինչո՞ւ չեք ասում, պարո'ն Անդրեասյան, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք, մարդ, ով ամբողջ կյանքում աշխատել է հարկային կամ մաքսային մարմիններում, միլիոնատեր է, խոշոր ներկրող: Հայաստանի բիզնեսում չկա մի ոլորտ, որտեղ ներգրավված չլինի, և նրա ունեցվածքի մասին լեգենդներ են պտտվում: Այդպիսի լեգենդներ մեկ էլ պարսկական շահերի ունեցվածքի մասին էին պտտվում, և այդ մարդը հաջողությամբ պաշտոնավարում է մի ժամանակաշրջանում, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք պիտի տարանջատենք բիզնեսն ու իշխանությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

 

ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը` նախագահի ելույթը որակելով «ցնցող»: Ըստ Փաշինյանի` աշխարհում նման բան չկա, երբ երեք էջի սահմաններում է նախագահի ելույթը: «Սերժ Սարգսյանն ասում է, որ պայքարելու է աղքատության ու արտագաղթի դեմ: Չեմ հավատում, բա ո՞վ է իրենց ընտրելու, եթե մարդը ռեալ Հայաստանում լինի, երբեք չի քվեարկի նրանց օգտին»,- ասաց Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝  ապրիլի 9-ին Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, և ժողովուրդը եկել էր ցույց տալու, որ այս իշխանությունը չի ներկայացնում իրենց: Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Սերժ Սարգսյան անունով նախագահ չի ճանաչում: