Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվությունը, որում կարեւոր արձանագրում է արվում, որ «Արտաքին անվտանգության ապահովման ոլորտում կառավարության հայեցակարգային մոտեցումը հիմնվում է տարածաշրջանային քաղաքականության վրա՝ նպատակ ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական եւ ագրեսիվ դրսեւորումները, կառավարել դրանք, ապա եւ տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել եւ երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել»: Այս արձանագրումը հատկապես ուշագրավ է ՀՀ իշխանավորների վերջին շրջանի հակառուսական, մինչեւ անգամ շանտաժի հասնող հայտարարություններով՝ եթե այժմ դե ֆակտո ենք սառեցրել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, վաղը դե յուրե կանենք եւ այլն: Այս մասին, ի դեպ, երկու օր առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանի ամբիոնից։
Ծրագրի կատարման հաշվետվության մեջ թեպետ արձանագրել են․ «Գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձեւափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը: 2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից»։
Այս ամենը հաշվի առնելով՝ «Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել», եւ 2023 թվականի ընթացքում անվտանգային ոլորտի հարաբերություններ են ձեւավորվել եւ զարգացել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Իսկ 2023 թվականի փետրվարից ԵՄ-ն երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է տեղակայել պետական սահմանի երկայնքով, այդուհանդերձ շեշտվել է, որ ՀՀ «արտաքին անվտանգության ապահովման ոլորտում կառավարության հայեցակարգային մոտեցումը հիմնվում է տարածաշրջանային քաղաքականության վրա»։ Խոսքի ու գործի հակասության առումով անվտանգային ոլորտում արձանագրվածը միակը չէ, ասենք՝ սոցիալ-տնտեսական վիճակը գնահատելիս կառավարությունը հայտարարում է. «2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ եւ ցածր գնաճ», իսկ տնտեսական աճը ներկայացվում է 8,37 տոկոս։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում