կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 21:42
Առանց Կատեգորիա

Րաֆֆին փնտրում է իշխանության համակրանքը

Րաֆֆին փնտրում է իշխանության համակրանքը

Շատ բան կարելի է ներել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց Ծիծեռնակաբերդը դարձնել ծիծաղի առարկա՝ այն քաղաքական պայքարի ատրիբուտ դարձնելով, ներելու բան չէ։ Աններելին ամբողջական կդառնա, եթե հիշենք, որ Բաղրամյանում հավաքվածները հաստատ գիշերներ չէին լուսացրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելու պատեհության համար։

 

Չասեմ, որ Ծիծեռանակաբերդի պատճառը (ցեղասպանությունը) եւ հայ ժողովրդի ներկայիս վիճակը ինչ-որ իմաստով «խոսում» են իրար հետ, եւ Վլադիմիր Գասպարյանի հետ գնալ այնտեղ, նշանակում է այսօրվա վիճակի ընկալման մեջ ներքաշել պատճառին՝ որպես տուժող կողմ։ Շարունակությունն ավելի սարսափելի է։ Ա1+-ը կադրեր ունի, թե ինչպես է Վլադիմիր Գասպարյանը Զոհերի հուշահամալիրում, բառի բուն իմաստով ծիծաղելով, երգում ՀՀ օրհներգը եւ մասնավորապես հետեւյալ բառերը. «Գիշերները ես քուն չեղա, արտասուքով լվացի»։ Հուշահամալիր տանող ճանապարհին ժողովրդի մի հատվածը մեզ՝ լրագրողներիս, հարցնում էր՝ խի մենք Ծիծեռնակաբերդի տեղը չգիտե՞նք, որ Րաֆֆին պիտի մեզ տանի։ Կամ՝ ինչո՞ւ ոստիկանապետի հետ։ Նրանք չգիտեին, որ Ծիծեռնակաբերդն այստեղ կապ չունի, գլխավորն այն է, որ ժողովուրդը Բաղրամյան պողոտա չմտնի։ Դա էր Վլադիմիր Գասպարյանի առաքելությունը։ Եվ նա պատվով կատարեց այդ գործը։ Նա «կյանքի» գնով հասավ նրան, որ բորբոքված ժողովուրդը Բաղրամյան փողոց չմտնի, քանի դեռ Սերժ Սարգսյանը նստավայրում է։

 

Ոստիկանապետը Րաֆֆիին ասում էր. «Քո հետ գալիս եմ Ծիծեռնակաբերդ, մինչեւ վերջ կքայլեմ, բայց արի առանց Բաղրամյան փողոց մտնելու դա անենք»։ Րաֆֆին համաձայնեց։ Ու դրանից հետո Րաֆֆին պետք է հիշի, որ իր հաղթանակով Վլադիմիր Գասպարյանը հաշվետու է Սերժ Սարգսյանին, իսկ ո՞ւմ է հաշվետու Րաֆֆին իր պարտությամբ։ Ինչո՞ւ պետք է Ծիծեռնակաբերդի ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետի ներկայությամբ հայտարարեր, որ Զոհերի հուշահամալիրից Բաղրամյան փողոց վերադառնալ ցանկացողները արյուն են ուզում, ավելի լավ կլինի, եթե Ծիծեռնակաբերդից մարդիկ գնան իրենց տները եւ ուրբաթ օրը հավաքվեն։ Ո՞ւմ էր հաշվետու այդ մարդն իր այս խոսքերով։ Փաստն այն է, որ մարդկանց ոչ մեծ խումբ, այնուամենայնիվ, որոշեց հենց «Հրազդան» մարզադաշտից վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ տեղեկանալով, որ ժողովրդի մեծ մասն այնտեղ է ու չի հետեւել Ծիծեռնակաբերդ գնալու՝ Րաֆֆի-ոստիկանապետ պայմանավորվածությանը։ Նույնիսկ ավելի ուշ երթին միացած Ստեփան Սաֆարյանը չէր հավատում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպիսի բան է ասել։

 

Այսպիսով, ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ուսուցողական չեղավ նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հետ միակ հանդիպումը, որից ինքը ոչինչ չշահեց։ Ես գլխի եմ ընկել, թե ինչու։ Պատճառն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուրախանում է, երբ պետական պաշտոնյաներն իր հետ հաշվի են նստում, այլ խոսքով՝ մարդատեղ են դնում։ Ինքը հոխորտում է ժողովրդի վրա ասելով՝ ոչ մի Բաղրամյան, «Ծիծեռնակաբերդում մոմ վառելուց ու 10 րոպե աղոթելուց հետո բոլորս գնում ենք վերագտնելու մեր ընտանիքները ուրբաթ օրը հանդիպելու պայմանով», բայց երբ խոսում է ոստիկանապետի հետ, նա զորավար է։ Գրողների միության դիմաց ոստիկանապետը նրա ներկայությամբ խոսում էր Սերժ Սարգսյանի հետ, ու ինքը լսում էր, թե ինչ է զեկուցում իր նախագահին Վլադիմիր Գասպարյանը, ինչո՞ւ դրանից հետո Րաֆֆին պնդեց, որ Բաղրամյան փողոցն իրեն պետք է նախագահի նստավայրի դիմաց օրհներգ երգելու համար։ Ի՞նչ քաղաքական հարց էր լուծում՝ օրհներգ երգելով, ինչո՞ւ էր արժեզրկում պողոտայի վրա կանգնած թալինցիների սպասումները, թե «եկել հասել ենք, որ հեռացնենք Սերժ Սարգսյանին»։ Ո՞րն է օրհներգի եւ իշխանափոխության ընդհանրությունը՝ նախորդ երկու ամսվա կտրվածքով։ Ինչո՞ւ սա չի պարզաբանում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պատասխանը դա է՝ Րաֆֆին ակնհայտորեն կարիք ունի, որ իր գլուխը շոյեն, նա իշխանափոխություն չի ուզում, այլ իշխանությունների համակրանքը։ Նա համակրանք է փնտրում՝ գայլերի ոհմակի մեջ աչքաթող անելով իր «ոչխարներին»։

 

Սեյրան Հանոյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: