կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 18:15
Առանց Կատեգորիա

Ինչպես թաքցնել ոստիկանության այլանդակ ականջները

Ինչպես թաքցնել ոստիկանության այլանդակ ականջները

Նախագահական ընտրություններից հետո և հատկապես` ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններում ոստիկանության պահվածքն իսկապես ուրախացնող էր` արտակարգ իրավիճակներում սառնասրտությունը չկորցնելու, առանց քաղաքացիների ազատություններն էականորեն սահմանափակող քայլերի իրադրությունը վերահսկելու, որոշ դեպքերում` սադրանքների չտրվելու կարողության ձեռքբերման իմաստով: Այս փոփոխություններն ակնհայտորեն 2008թ. մարտյան ողբերգական դեպքերի դասերն են, ուղղակի հետևանքը, ինչը, սակայն, հույս էր ներշնչում, որ ոստիկանությունն սկսել է բովանդակային վերանայումներիի ենթարկվել` փոխելով արժեքային համակարգը, ընդունելով առավել բարոյական դիմագիծ և, ի վերջո, դեմքով շրջվելով դեպի հասարակությունը, քաղաքացին, նրանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը:

 

Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած օրերին, ցույց տվեց, որ այդ տպավորությունները ժամանակավրեպ էին ու խաբուսիկ: Ապրիլի 22-ին Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում քարոզչություն իրականացնելիս Աջափնյակում ծեծի ենթարկվեց ՀԱԿԿ տարածքային կառույցի անդամ Ալեքսանդր Հախվերդյանը: Իր նկատմամբ բռնությունների մեջ նա մեղադրեց այդ տարածքի ՀՀԿ-ական կառույցի հովանավորությունը վայելող թաղային հեղինակություններին` նշելով, թե իրեն փորձել են հասկացնել, որ տվյալ տարածքում, ՀՀԿ-ից բացի, ոչ ոք քարոզչություն իրականացնելու իրավունք չունի:

 

Ապրիլի 23-ին Գյումրիում օրը ցերեկով ոստիկանության բաժնի մոտակայքում տեղի ունեցավ փոխհրաձգություն, որի հետևանքնով մահացավ տեղի հեղինակություններից մեկը, ևս մեկը վիրավորվեց: Ոոստիկանության ձեռնարկած հետագա միջոցառումներից ու բերման ենթարկվածների շրջանակից պարզ դարձավ, որ զինված բախումը տեղի երկու հակամարտող քրեական խմբավորումների միջև գերլարված հարաբերությունների հետևանք է: Վրիժառության հողի վրա սկսվածը հանրապետության երկրորդ քաղաքը վերածել է պատերազմական գոտու:

 

Նույն օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքապետ, ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ եւ ավագանու անդամի թեկնածու Աշոտ Պապայանը ծեծում է ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին` կոպտորեն խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը: Միջադեպը տեղի է ունենում ներկա ոստիկանների լուռ հայացքների ներքո:

 

Վերոնշյալ երեք դեպքերի կապակցությամբ ոստիկանությունն, իհարկե, քայլեր ձեռնարկել է: Գյումրիում տեղի ունեցածի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում արդեն ձերբակալված անձ կա: Սակայն դրանք քայլեր են, որոնք ոստիկանությունը պարտավոր էր իրականացնել ցանկացած պարագայում, այսինքն` իրավիճակային էին, հետևաբար` նաև ոչ մի էական ազդեցություն չեն կարող թողնել: Եվ դրա հիմնական պատճառը այն ընդհանուր մթնոլորտն է ոստիկանության շուրջ, որի պայմաններում նման կարգի լկտի հանցագործությունները դառնում են օրինաչափություն: Գյումրիում սկսված և ակնհայտորեն շարունակություն ենթադրող զարգացումների կապակցությամբ ՀՀ ոստիկանապետը մեղադրեց գյումրեցիներին. եթե նրանք քիչ գողական մտածեն, նման բաներ տեղի չեն ունենա: Նա, իհարկե, մեծ հաշվով չի սխալվում` նման բռնություններն իսկապես գողական մտածողության ուղղակի արգասիքներ են, որոնք ոչ միայն տիրապետող են Գյումրիում, այլև ամբողջ հանրապետությունում: Հենց այդ մտածողության արդյունքում է ՀՀԿ-ական հեղինակություն ունեցող «ջահել-ջուհուլը» ոստիկանության քթի տակ Երևանի թաղերը իրար մեջ բաժան-բաժան անում, իրեն դրանց տեր ու տիրակալ համարում, ինքն է որոշում` ով կարող է թաղերում քարոզչություն իրականացնել, ապրել, շնչել: Այդ մտածողությամբ է առաջնորդվել նաև Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապյանը լրագրողին ծեծելիս: Այդ մտածողությամբ է առաջնորդվել անգամ այն «մայորը», որը սուսուփուս հետևել է, թե ինչպես են դեսուդեն շպրտում լրագրողին. նա շատ լավ հասկացել է, որ երբ այդ մտածողությունը դառնում է մի ողջ իշխող կուսակցության հենարանը` անգամ քաղաքային իշխանության մակարդակով վերարտադրվելիս, ինքը նույնպիսի պոտենցիալ զոհ է, ինչպես հանգամանքների բերումով ՀՀԿ-ական «աֆտարիտետների» «կատոկի» տակ ընկած Ալեքսանդր Հախվերդյանը կամ Հակոբ Կարապետյանը:

 

Ոստիկանապետը թերևս միտումնավոր շրջանցում է այն պարզ իրողությունը, որ գյումրեցու, երևանցու, ապարանցու, ղարաբաղցու մոտ ու ընդհանրապես գողական մտածողությունը սկսում է տիրապետող դառնալ այն պարզ պատճառով, որ այն ոչ միայն չի բախվում այսպես կոչված «ոստիկանական»` օրենքի դիրքերից բխող մտածողությանը ու ջարդուփշուր չի լինում, այլև վաղուց ոտնատակ է տվել, հողին հավասարեցրել ոստիկանի և ոստիկանության հեղինակությունը, պատիվը, կերպարը: Այլ կերպ չէր կարող լինել: Որովհետև ոստիկանությունն ինքն է հրաժարվել իր իրական առաքելությունից: Առավելագույնը, ինչով այն զբաղվում է հիմա, օրենքի և քաղաքացու պաշտպանության իմիտացիայի ստեղծումն է: Ոստիկանությունն իր հիմնական առաքելությունը ձևախեղել ու հանգեցրել է բացառապես քաղաքական կոնյուկտուրայի շահերի սպասարկմանը: Դրա վերջին ամենացինիկ արտահայտությունը, իհարկե, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած միջադեպն էր: Հիշեցնենք, որ այդ օրը հուշահամալիրի մոտ հասարակական կարգը պահպանող ոստիկաններն արգելել էին Ծառուկյանին հեռանալ տարածքից այն ճանապարհով, որից օգտվում և այդ օրն էլ օգտվել էին պետական բարձրաստիճան մյուս պաշտոնյաները: Նրան ստիպել են հեռանալ այն ուղիով, որով համալիրը լքում են քաղաքացիները: Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանության պաշտոնական մեկնաբանության մեջ խոսվում է այն մասին, որ դրանով ոստիկանությունը պարզապես հասարակական կարգն է պահպանել, այսինքն թե` Ծառուկյանը ոչնչով չի տարբերվում մյուս քաղաքացիներից: Բայց կառույցը մոռացել է պարզաբանել, որ եթե այդ ճանապարհից օգտվելը իսկապես հասարակական կարգի խախտում էր և կոնկրետ Ծառուկյանի անձի դեմ ուղղված բացահայտ դեմարշ չէր, ապա ինչո՞ւ էին մինչ այդ թույլ տվել դրանով անարգել հեռանալ մյուս պատգամավորներին ու նախարարներին: Ակնհայտ է, որ ոստիկանների նման պահվածքը, կիրառած խտրականությունը պաշտպանության տակ առնելով` ոստիկանությունը և անձամբ ոստիկանապետը փորձել են հասարակությանը ցույց տալ, թե որքան հզոր է ոստիկանապետը այնպիսի օլիգարխի հետ հարաբերություններում, ինչպիսին Ծառուկյանն է: Կամ էլ սա պարզապես եղել է իշխանական կոնյունկտուրայի կողմից Ծառուկյանին բարոյապես ու քաղաքականապես ոչնչացնելուն ուղղված հրապարակային ակտ:

 

Բայց անկախ դրդապատճառներից` էականն այն է, որ ոստիկանությունն է դարձել քաղաքական կամ անձնական ամբիցիաների բավարարման ամենահարմար գործիքը, և որ ոստիկանությունն ինքն է իրեն հոժարակամ դնում այդ ամոթալի ու խղճահարություն հարուցող կարգավիճակում: Նման պայմաններում որքան էլ Վլադիմիր Գասպարյանը ձգտի իրեն մատուցել որպես կոռումպացված ոստիկանների դեմ անհաշտ պայքար սկսած անձնազոհ մարտիկ, որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելով փորձի բարոյական, քրիստոնեական արժեքներով առաջնորդվող համակարգի ճարտարապետի լուսապսակ հագնել, միևնույն է, նրան ոչ մի կերպ չի հաջողվում թաքցնել այդ խեղված համակարգի... այլանդակ ականջները:

 

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ