Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանը ծոմից դուրս գալուց առաջ Ազատության հրապարակում հավաքվածներին ասել է. «Ես ձեզ հետ միասին պատրաստ եմ մեռնել»: Սա արդեն «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չէ: Սա հզոր է: Նա ասում է, որ ընկերովի մահն է հարսանիք: Հանուն ինչի՞: Ո՞վ էր պոտենցիալ մեռնողներից Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրել ծոմ պահել: Ոչ ոք: Ու հիմա, երբ դուրս է գալիս ծոմից, մեր քրիստոնյան, որը Մեծ Պահքի օրերին ծոմ հայտարարելուց առաջ հռչակել էր հանրահայտ «միայն իմ դիակը», պատրաստ չէ միայնակ մահվան: Ինչպես ասում են, ծոմը չի սպանում, պետք է ընտրել ուրիշ տարբերակ՝ ընկերովի մահը:
Սփյուռքահայերը Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի մեթոդների մասին սիրում են ասել, որ հայաստանցիները սովոր չէին քաղաքակիրթ քաղաքական պայքարի, Րաֆֆին բերեց այդ մշակույթը, հայաստանցիները սովոր չէին, որ քաղաքական գործիչը փողոցում բարեւում է, Րաֆֆին բերեց այդ մշակույթը, հայաստանցիները մեկին պարտադիր սիրում են, մյուսին՝ պարտադիր ատում, Րաֆֆին բերեց միայն սիրելու մշակույթը: Իսկ ներողություն, ինչպես Սերժ Սարգսյանի տատիկն էր ասում, մենք ինչի՞ համար ենք հավաքվել: Ի՞նչ կապ ունի սերը եւ ատելությունը, ասենք, ընտրությունները կեղծելուց կամ բիոզուգարանների «մշակույթ» ներդնելուց հետո: Ընդհանրապես, ի՞նչ կապ ունեն սերը եւ ատելությունը: Մենք սկզբից ինչի՞ց էինք խոսում: Խոսում էինք այն մասին, որ նախագահի ընտրություններում հաղթել է ժողովուրդը: Ժողովուրդը դա վիճարկե՞ց: Ոչ: Որովհետեւ ոչինչ չհասկացավ, ինքը գնացել եւ կատարել էր իր ընտրությունը, իրեն չէր ընտրել, ինքը քվեաթերթիկում չկար, ինչպե՞ս դարձավ հաղթող: Դա ի՞նչ նոր կեղծարարություն է, այդ ո՞վ է ժողովրդի անունը մտցրել քվեաթերթիկում եւ ինչու՞ ինքը ժողովուրդը քարոզարշավի ժամանակ հեռուստաընկերություններով ոչ մի տող չասաց, թե ինչպես է պատկերացնում երկիրը, եթե հանկարծ հրաշքով մոտ 3 միլիոն մարդ մի երկրում փետրվարի 18-ին դարձավ նախագահ: Ուրեմն, այդպիսի հաղթանակը շփոթեցրեց ժողովրդին: Իմաստազրկեց քաղաքական պայքարը, ամենակարեւորը, իմաստազրկեց հույսը, քանի որ եթե հաղթում է ոչ թե նա ում քվե ես տվել, այլ քվե տվողն է հաղթում, ի՞նչ կարող է ինքն իրենից պահանջել եւ ինչու՞ իր հաղթանակի դեպքում խոսքի իրավունքը Րաֆֆի Հովհաննիսյանինն է ու Սերժ Սարգսյանինը:
Երկրորդ, մենք խոսում էինք այն մասին, որ թեկնածուներից մեկը Մեծ Պահքի 19-րդ օրը մարտի 10-ին հայտարարեց՝ Սերժ Սարգսյանը կերդմնակալի միայն իմ դիակի վրայով: Ու նստեց հացադուլի: Այսինքն, ծոմի: Այսինքն, ոչ հացադուլի, ոչ էլ ծոմի, ուղղակի հաց չի ուտելու: Ժողովուրդը կրկին շփոթվեց՝ իսկ մե՞նք ինչ անենք, եւ կրկին ինչպես Սերժ Սարգսյանի տատիկն էր ասում՝ ինչի՞ համար ենք հավաքվել: Ոչ ոք չէր ուզում մտածել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ խաղում է իր գլխին թափված հանկարծակի հռչակի կրակը թեժ պահելու խաղ: Ինչեւէ: Ծոմը, հացադուլը մի պահանջ ուներ՝ կեղծված ընտրություններով իր հաղթանակը հռչակողը ապրիլի 9-ին կտեսնի դիակ: Սա արդեն հետաքրքիր է: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մարտի 29-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց «ձիու քայլ»՝ հրաժարվել հացադուլից: Հիմա արդեն պարզ է, որ նա պատրաստվում է մեռնել միայն հայ ժողովրդի հետ, հաղթողի հետ, որը քվեաթերթիկներում չկար: Ամփոփենք: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ բան գիտի կյանքի մասին, փառքի մասին, բայց նա ընտրություն կատարելու մասին ոչինչ չգիտի: Ծոմը ընտրություն է, դրա տակ դրված կարգախոսը, վերընտրություն, այսինքն, ընտրությունից վեր մի բան: Երբ դու հայտարարում ես, որ պատրաստ ես մեռնել, դու ոչ թե ընտրություն ես կատարում մահվան օգտին, այլ՝ հաղթահարել ես ընտրությունը: Այսինքն, այդպիսի քայլի համար ընտրություն կատարելու կարիք չկա: Դու քեզ «հագեցրել», իմաստավորել, լցրել ես մահով, որը ամեն ինչի իմաստն է, որը ելք է, քանի որ կյանքը փակուղի է:
Ոչ ոք կոչ չի անում, որ Րաֆֆին խոսքի տեր լինի ու դիակ դառնա: Բայց Րաֆֆին ազատ է դա անել մենակ, առանց որեւէ մեկին իր հաշիվների հետ խառնելու: Բավական չէ, որ ինքը ասում է մի բան, անում ուրիշը, դեռ մի բան էլ փորձում է դրան խառնել ժողովրդին: Իսկ եթե ժողովուրդը չի ուզում մեռնել, իսկ եթե ժողովուրդը մեռնելու փոխարեն գերադասում է արտագաղթել, ինձ ո՞վ կասի, թե նա կատարել է վատագույն ընտրությունը: Եթե մահը գերխնդիր չէ, փորձենք լինել մեր զավակների ու ծնողների հետ: Ի դեպ, առանց ցուցադրականության, առանց նրանց հանդեպ մեր սերը հրապարակ բերելու: Հրապարակը միայն ատելության աշխարհ է: Ահա թե ինչու առանց սիրո քաղաքական պայքարն, իսկապես հնարավոր է, բայց առանց ատելության հնարավոր չէ:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: