Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության հիմնական ձեռքբերումը ազգային բանակից հետո համարում ենք անկախության սերունդը, որն այլ կարգավիճակ իր և երկրի համար այսօր չի պատկերացնում: Այդ սերունդն ունի հայրենիքի, որոշ իմաստով նաև հայկականության զգացողությունը: Որովհետև ավագ սերունդը նրան հայերի երկիր է ժառանգում:
Անկախություն կերտած սերունդը փոխարինողներին հանձնում է մի երկիր, որտեղ հայրենասեր հայ լինելը գոյության գրավական ու երաշխիք է: Ու մենք ձեռք ենք բերում մի նոր սերունդ, որն ունի ազգային պատկանելության խոր գիտակցում, բայց չունի պետական, քաղաքացիական մտածողություն, տիրոջ հոգեբանություն:
Հայրենասիրությունը պետք է խարսխվեր քաղաքացիական պատասխանատվության և գիտակցության վրա, որպեսզի անկախությունն իսկապես նյութականանար ու գերագույն արժեք ձեռք բերեր: Մինչդեռ դրանք, միմյանց լրացնելու փոխարեն, կարծես, արհեստականորեն դրվել են հակադրության մեջ: Որովհետև դա պարտադիր պայման էր իշխանությունը ժողովրդից վերցնելու համար:
Մեզ սովորեցրել ու սովորեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում հայ լինելն ավելի մեծ արժեք է, քան քաղաքացի լինելը: Դրա համար էլ մենք մեծավ մասամբ լավ կամ վատ հայ ենք, հայաստանցի ենք, բայց` վատ քաղաքացի, որ մի կողմից չգիտի իր իրավունքները և ջանք չի գործադրում դրանք պաշտպանելու համար, իսկ մյուս կողմից՝ չի ուզում ճանաչել իր պարտականությունները և դրանցից խուսափել կարողանալը ճարպկություն է համարում: Անկախության հաջորդ տասնամյակի գերխնդիրը այս մտայնության փոփոխությունն է: