Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, մինչ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասուլիս էր տալիս, նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանի տարածքում 2011-ի հունիսին տեղի ունեցած բռնարարքի արդյունքում մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձում էր պարզել` արդյո՞ք Հայրապետյանը կապ ունի հիշյալ բռնարարքի հետ:
Արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալ, ռեստորանի անվտանգության նախկին աշխատակից Գարիկ Մարգարյանը դատարանին հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրն այնտեղ չի եղել, և ինքը նրան չի տեսել:
Գործով մեկ այլ ամբաստանյալ Արման Խաչատրյանն այսօրվա նիստին տված իր ցուցմունքում նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչի այն հարցին, թե ի՞նչ կապ ունի նա Ռուբեն Հայրապետյանի հետ, պատասխանել է, որ նրա անվտանգության աշխատակիցն է, քանի որ, ըստ իր տրամաբանության, եթե ռեստորանը պատկանում է Հայրապետյանին, ուրեմն ինքը նրա անվտանգության աշխատակիցն է: Արման Խաչատրյանն այսօրվա նիստին, ի գիտություն փաստաբան Տիգրան Եգորյանի, հայտարարեց, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չէ և երբևէ չի եղել:
Նախքան ցուցմունք տալը Խաչատրյանը դատարանին հայտարարել էր, որ կխոսի այն դեպքում, եթե տեսախցիկներով չնկարահանեն իրեն: Նման պահանջ պարունակող միջնորդությամբ, ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս հանդես եկավ նրա պաշտպան Ավագ Լալայանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց այն` լրագրողներին հորդորելով ուրիշ տեղ նկարել, ասենք` իրեն կամ դատավարության մասնակիցներին, կամ ընդհանրապես անջատել սարքերը:
Արման Խաչատրյանը դատարանին հայտնեց, որ հունիսի 17-ին կես ժամով բացակայել է ռեստորանից, այնուհետև վերադառնալով, ռեստորանի ամառային սրահի մուտքի մոտ նկատել է հավաքված մարդկանց: Տեսել է Վահե Ավետյանին, ով կռացած է եղել, իսկ նրա քթից արյուն է հոսել: Ըստ ամբաստանյալի` այնտեղ գտնվող Դավիթ Ադամյանն և Նորայր Հայրապետյանը փորձել են հանդարտեցնել իրավիճակը: Նորայրը Դավիթի վրա բարկացել է և ասել. «Ռա'դ էղի, ըստից գնա»:
Արման Խաչատրյանի խոսքով` տուժող Էդգար Նիկոյանը սուտ է խոսել, երբ իր ցուցմունքում հայտարարել է, թե ինչ-որ մեկն է իրեն ցույց տվել լվացարանի տեղը: «Դա ես եմ եղել, ասել եմ` ախպե'րս, տա'ր, թող ընկերդ լվացվի, և այնպես էր, որ նա հաստատ տեսել է, որ ես եմ եղել ասողը»,-պատմեց նա: Ըստ Արմանի` այդ ժամանակ Նորայրը փորձում էր հանգստացնել տուժողներին, որպեսզի աղմուկ չբարձրանար:
«Նորայրն ասաց. «Դու իր տեղը պատասխա՞ն ես տալիս (նկատի ունի մատուցող Դավիթին), հիմա հիմարություն էր` արեց, եթե ուզում եք ներողություն խնդրի` համարը տամ, հետը զանգեք պայմանավորվեք, խոսեք»,- պատմեց ամբաստանյալը: Հետո Արտակ Բայադյանն առաջարկել է ուրիշ տեղ խոսել, և նրանք գնացել են ավտոկայանատեղի:
Արմանի խոսքով` իրենց հետ նաև հաճախորդներ կային հավաքված: Ամբաստանյալը պատմեց, որ հետո Էդգար Նիկոյանը հայտնվել է իր դիմաց, և սկսել են խոսել: Խոսակցությունը պահի տակ վերածվել է կարճատև վեճի և տևել մոտ 25-30 վայրկյան, ինչից հետո տուժողները հեռացել են, իրենք էլ, իրենց հերթին, գնացել են ռեստորանի տնօրենի մոտ` տեղյակ պահելու կատարվածի մասին:
Դատաքննական ցուցմունքից հետո ամբաստանյալը չցանկացավ որևէ հարցի պատասխանել, անգամ` իր պաշտպանյալի: Սակայն, այնուամենայնիվ, մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը որոշակի հարցեր հնչեցրեցին, որոնց պատասխանն այդպես էլ չստացան:
Դատախազ Արթուր Դավթյանը պնդեց, որ հակասություններ կան նրա` նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև և միջնորդեց հրապարակել դրանք: Դատավորը բավարարեց Դավթյանի միջնորդությունը: