Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սևանի դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստին գործով տուժող Լևոն Խառատյանի հարցաքննության ժամանակ ելույթով հանդես եկավ ամբաստանյալ Մառլեն Սարգսյանը։
Նա դիմելով դատարանին նշեց, թե դեպքի առաջին պատասխանատուն եկել ու ներկայացել է տուժող, և, նրա խոսքով, հենց Խառատյանն է մեղավորը․ «Նա պատմում է բաներ, որոնք իրականության հետ կապ չունի։ Մի տարի որպես մեղադրյալ ինձ կալանավորել եք առանց հիմքի, էսօր եկել ա համար առաջին պատասխանատուն, սարքել եք նրան տուժող»։
Դատարանն արձագանքեց․ «Այս բոլոր ապացույցները արձանագրվում են, և հետագայում այդ ապացույցների հիման վրա կկայացնի դատական ակտ»։
Մառլեն Սարգսյանն ակնկարկեց Լևոն Խառատյանի՝ հովանավոր ունենալու մասին, ինչին արձագանքեց տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը․
«Եթե կա նման հովանավոր, եթե տվյալ անձը, որը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, և խուսափել է քրեական պատասխանատվությունից, որ նա հովանավորության արդյունքում է խուսափել քրեական պատասխանատվությունից, խնդրում եմ բոլորի ներկայությամբ ասել թե ով է այդ հովանավորը»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։