Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդու իրավունքների վիճակը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
-Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետևանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:
-Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն:
-«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է սեփական մեկնաբանությամբ, չնայած Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ մեկնաբանել օրենքը, այն էլ ի վնաս քաղաքացիների:
-Չեն լուծվել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հայտնաբերելու և ապաստան տրամադրելու խնդիրները:
-Մշակված չեն եղել անհրաժեշտ համալիր միջոցառումներ և ծրագրեր, որոնք կհանգեցնեն մանկատների բեռնաթափմանը:
-Առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն` խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեության թափանցիկության բացակայության վերաբերյալ:
- Ընդունելով երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը՝ ՀՀ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը, ինչը վկայում է երեխաների պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերի նախատեսված ժամկետների սահմաններում իրականացման հետևողականության բացակայության մասին:
-Չեն ձեռնարկվել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված արհեստակցական միությունների կայացմանը:
-Գրանցվել են կնքված աշխատանքային պայմանագրի օրինակներ, աշխատողին չտրամադրելու մի շարք դեպքեր:
-Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը:
-Արձանագրվել են բողոքներ գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու վերաբերյալ:
-Կարգավորված չէ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, որտեղ ընդգրկված չեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության բնագավառի աշխատողները:
-Թեև մշակվել է հայեցակարգ, սակայն շարունակում են չլուծված մնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդիրները, ինչպես նաև նրանց կարգավորումը:
- 2012 թվականին առկա են եղել բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերել են գործատուների կողմից անձանց արտադրական խեղման համար վնասի փոխհատուցման ոչ իրավաչափ դադարեցմանը, և ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից այդ խնդրի կապակցությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:
Արձանագրված դրական զարգացումները`
-Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում Նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ:
-Ներդրվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների/ԲՍՓՀ/ կողմից կայացված որոշումների բողոքարկման եռաստիճան համակարգ:
-Իրականացվել է մոնիթորինգ և վերահսկողություն բնակչության սոցիալական պաշտպանության որոշ բնագավառներում արձանագրված չարաշահումների դեպքերը բացառելու և/կամ կանխարգելելու նպատակով:
- Ձևավորվել և գործարկվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» կենտրոնացված տեղեկատվական շտեմարանը:
-Հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
-Մշակվել է նախագիծ, որը նախատեսում է թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբի ստեղծումը:
-2012 թվականին պատրաստվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը: