կարևոր
3643 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-10 16:40
Քաղաքական

Ինչպե՞ս լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը․ Անդրանիկ Թևանյան

Ինչպե՞ս լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը․ Անդրանիկ Թևանյան

Օրվա իշխանությունը մեր երկրի համար կարևորագույն հարցերով 2021-ին հանդես է եկել մի տեսակետով և հիմա իրականացնում է լրիվ հակառակ քաղաքականությունը: Դրանով իսկ իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում:

1. Խոստացվել էր Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի պաշտպանություն՝ բացառելով Ադրբեջանի կազմում հայտնվելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանությունը որդեգրել է Արցախն Ադրբեջանինն է քաղաքականությունը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թշնամուն շրջափակել Արցախը և սպառնալ Հայաստանի գոյությանը:

2. Բացառվել էր Հայաստանի տարածքաների հանձնումը: Հիմա առնվազն չեն բացառում Հայաստանի գյուղերի ու ճանապարհների հանձնում Ադրբեջանին, ինչը վերջինիս ախորժակը բարձրացրել է մինչև «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» մակարդակի:

3. Խոստացվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացում, սակայն վարվում է ճիշտ հակառակ քաղաքականություն, ինչը լրջագույն սպառնալիք է մեր անվտանգությանը:

Ահա այս երեք ռազմավարական հարցերում տեղի է ունեցել մեծ խաբեություն (մյուս մանր ու միջին ստերը դեռ մի կողմ դրած): Սա նշանակում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որն ապօրինաբար հանդես է գալիս ժողովրդի ու պետության անունից: Սրա քաղաքական կապիտալիզացիան պետք է դրսևորվի իշխանափոխության ձևով:

Որքան էլ որ առաջին հայացքից պարզունակ թվա, իշխանափոխության աղբյուրը պետք է լինի ժողովուրդն իր հավաքական կամքով: Զուտ վերնախավային գործընթացով հնարավոր չէ լուծել ոչ լեգիտիմության խնդիրը: Ուստի՝ պետք է գնալ տնից տուն, բակից բակ, շփվել հանրության տարբեր շերտերի հետ, բացատրել իրականությունը, լսել մարդկանց կարծիքները՝ այն հստակ գիտակցությամբ, որ նոր իշխանության լեգիտիմությունը պետք է ստանալ ժողովրդից: «Մայր Հայաստան» շարժումն առաջնորդվում է այդ սկզբունքով ու աշխատում է այդ տրամաբանությամբ:

 

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր