կարևոր
1639 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 18:26
Հասարակություն

Էջմիածնում ՔՊ-ի թեկնածուն Փաշինյանի կամակատարն է, թափառաշրջիկ պաշտոնյա է, շանսեր չունի․ Ջիվան Աբրահամյան

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։

Հիշեցնենք՝ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ Այսօր սակայն Գասպարյանին փոխարինող չընտրվեց, քանի որ ՔՊ-ն բոյկոտել էր նիստը։ Ստացվում է՝ Վաղարշապատում Գյումրիի և Փարաքարի նման նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար, ապա անցկացվելու են արտահերթ ընտրություններ։

 Այսօր լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Խոյ համայնքը կմիանա Վաղարշապատ համայնքին, կլինեն ընտրություններ, իսկ ՔՊի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է, ով նշանակվելու է նաև ժամանակավոր պաշտոնակատար։

«ՔՊ–ի թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, չի կարող շահավետ դիրքերում լինել, նա ընտրվելու շանսեր չունի, որովհետև ՔՊ–ն է ներկայացնում ու Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է»,- Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Հայրենատէր» կուսակցության ղեկավար Ջիվան Աբրահամյանը։

«Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք  է լինում, տալիս են։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը քաղաքապետի պաշտոնից հրաժարական չի տա ու գնա փոխվարչապետ դառնա»,–ասաց նա։

Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ Դիանա Գասպարյանի հրաժարականը, իշխանությունների կողմից եկեղեցու դեմ վարվող արշավը նույն նպատակն են հետապնդում. «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Նրանք հասկացան, որ Դիանա Գասպարյանով էլ չեն կարողանա ընտրությունների գնալ, պետք էր ֆորս մաժոր ստեղծել, եկեղեցու դեմ ինչ–որ բաներ անել, որպեսզի կարողանան ձայներ հավաքել»,–ասաց նա։

Անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորմանը. Աբրահամյանն ասաց.

«Պետական որևէ պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին»,ժնշեց նա։