Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ սիրո օր էր: Դա նշանակում է, որ ամեն օր չէ, որ սերն անելիք ունի: Մեկ կամ երկու օր անելիք ունի կանանց օրը, մեկ օր էլ` տղաների, այսինքն` բանակի օրը (Իսրայելում այն սովորական գենդերային օր է): Կա նաեւ երեխաների օր: Համենայն դեպս, մարդիկ «տեղանշաններ» են դնում օրերի վրա, որպեսզի չմոռանան, թե հատկապես երբ պետք է սիրել, ով է կինը, ինչ է զենքը, երբ պետք է թուլացնել արհամարհանքը, անտարբերությունը: Այսօր մեր թեման սերն է:
Սերը Աստծո աշխատանքն է մարդու հետ: Այն ո'չ շնորհ է, ո'չ էլ առաքինություն: Մարդը ծնվում է սերը սրտում, սերը նրա «քաղաքական ռեսուրսն» է` ամբողջ կյանքում իրենից ինչ-որ բան ներկայացնելու համար: Ահա` ինչու երեխան առանց սիրո չի հարաբերվում իր ծնողների հետ: Այն աշխատանք է: Մարդը ապրում է երեւացող արժեքներով: Ինքը կսպառվի, եթե չկարողանա շոշափել արժեքը: Ահա` ինչու ամուսնությունների կեսն ավարտվում է բաժանությամբ: Կինն իր մուրացկան ամուսնուց ուզում է, որ իրենց գոմը դառնա դղյակ: Ահա, թե որտեղ են «Ոսկե ձկնիկը» հեքիաթի ակունքները: Հեքիաթի պառավն սպառել է իր Վալենտինը: Ավելի հնարավոր է, որ չի էլ սիրել ամուսնուն: Նար-Դոսի «Ես եւ նա» պատմվածքի աղջիկն իր սրտի տեղը չգիտի: Ավելի ճիշտ, նա իր սիրտը գնահատում է ուրիշների գնահատականներով: Բոլոր այս անոմալիաները անհրաժեշտ են դարձնում սիրո օրը, որովհետեւ մարդիկ արդեն չեն սիրում, այլ զբաղվում են, балуются: Ըստ իս` հենց սա էր սիրո վերջը: Որովհետեւ մարդը սոցիալական կարգավիճակ է, սերը ոչ մի կարգավիճակի հետ չի խոսում:
Հոլիվուդում միլիոնատեր դերասաններն ու դերասանուհիներն ամուսնանում են ու բաժանվում, այսինքն` իրենց զգացմունքներն արտահայտում են սոցիալական հավասար կարգավիճակի մեջ: Այնուամենայնիվ, սիրտներն ուրիշ բան է ուզում: Ու դա սերը չէ, այլ շատ սերը: Վիճակագրություն է նրանց ուզածը: Նրանք ուզում են թարմ զգացողություններ: Նրանք իրենց արժանի են համարում ընտրյալ սիրելի լինելուն: Հոլիվուդը ցույց է տալիս,որ սերը «քաղաքական ապաստանի» կարիք ունի: Եվ դա կինոն է: Ահա` ինչու նրանք չեն դադարում խաղալ սերը: Հոլիվուդը սերը դարձրել է առօրյա անելիք, ինչպես խանութում գնումներ են անում: Նրանք ամբողջ կյանքի ուղեկիցներ չունեն, նրանցը առաջիկա ամիսների կյանքի ուղեկիցն է, որովհետեւ գլխավորը ոչ թե մարդն է նրանց համար, այլ հաճույքը: Հոլիվուդը սիրո հետ ընդհանուր ոչինչ չունի: Սերն ամբողջությամբ տեղափոխվել է էկրանների վրա: Այն, ինչ աշխարհը փնտրում է սիրելիի աչքերի մեջ, գտնում է հոլիվուդյան կերպարներում: Պետք է ասել, որ գնալով ավելի վատ է լինելու սիրո համար: Մարդը կորցնում է սիրո կրիչ լինելու գործառույթը: Նշանակում է` նա կորցնում է մերձավորի զգացողությունը:
Մարդը պարտավոր չէ սիրել բոլորին: Մեկին սիրելն էլ բավարար է: Սակայն մարդն այլեւս նախկին մարդազգացողությունը չունի: Հիմա նա շտապում է ավելի ու ավելի արագ փակել հաշիվները սիրո հետ եւ անցնել մյուս գործերին: Հիմա այնքան էլ դժվար չէ արժանանալ փոխադարձ սիրո: Իսկ փոխադարձ սիրո առաջին պայմանը «չափը ճանաչելն» է: Հոլիվուդյան դերասանուհուն այնպես չես սիրի, ինչպես կսիրես երկու փողոց այն կողմ ապրող համեստ հմայքով աղջկան, որը գոհ ու շնորհակալ է քո ուշադրության համար: Թվում է, թե հենց դա էլ պետք է սիրո համար: Չէ՞ որ այն միմյանցով ապրելու ինքնազգացողություն է: Բայց` ոչ: Սերն անհնարինության խոսափողն է, դրանից է ծագել «սիրեցյալիս համար երկնքից աստղեր վար կբերեմ» արտահայտությունը: Իմ ծանոթը հենց դա նկատի ուներ, երբ պատահած գեղեցկուհուն հարցնում էր. «Ներողություն, Դուք ո՞ր հեքիաթից եք իջել»: Եվ աղաբլիթի փիլիսոփայությունն էլ անհնարինության ասելիքն է: Այնպես որ` հանուն հեքիաթի ուտել պետք է:
Սեյրան Հանոյան