կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 12:46
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը ոչ ոք է. Րաֆֆի Հովհաննիսյան

Հովիկ Աբրահամյանը ոչ ոք է. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն իր անձին ուղղված վերջնագիր է եւ ուրիշ ոչ ոքի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` իր հացադուլին տրված գնահատականին:

 

Եվ քանի որ այդ «վերջնագիրը» ոչ ոքի ուղղված չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին հորդորեց մեկնաբանություններ չանել եւ հայտարարեց, որ ինքն այլեւս նման հարցեր, բացի Սերժ Սարգսյանից, այլ մարդկանց հետ չի քննարկի: Իսկ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը մեկնաբանելու առումով էլ նշեց, որ նա ոչ ոք է, այդ պատճառով չի մեկնաբանի նրա հայտարարությունները:

 

«Եթե նա առաջարկներ ունի, ես կլսեմ, բայց դրանք պետք է լինեն համապետական խնդիրներ լուծող առաջարկներ: Ով ուզում է ուղիղ ինձ առաջարկ անել, ես սիրով կլսեմ, բայց ժողովրդի պահանջը եւ իրավունքները պետք է ընդգծված լինեն այդ առաջարկի մեջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից կոնկրետ ինչպիսի՞ առաջարկներ է սպասում ինքը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ կոնկրետ ոչ մի առաջարկ էլ չի սպասում, բայց եթե Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ, ինքը սիրով կլսի նրա առաջարկները: Ազատության հրապարակում իրեն այցելող` իշխանության ներկայացուցիչներից Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալ է, իսկ ԱԺ նախագահի այցի կապակցությամբ կրկնեց, որ եթե որեւէ մեկն այցելում է իրեն` բխեցնելու համար ինչ-որ միջնորդական առաքելություն իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ապա ինքն այդ ձեւն ու երեւույթը մերժում է:

 

Լրագրողների հարցին` ի՞նչ դիրքորոշում ունի Րաֆֆի Հովհաննիսյանը` Հովիկ Աբրահամյանի կողմից արված առաջարկին` ստեղծել Սահմանադրական հանձնաժողով, որը կղեկավարի ինքը, նա պատասխանեց, որ ԱԺ-ում եղել են ոչ պաշտոնական քննարկումներ խմբակցությունների միջեւ, բայց իր հետ այդպիսի քննարկում չի եղել: Նա հորդորեց ԱԺ-ում ոչ պաշտոնական քննարկումները չընկալել որպես իրեն արված առաջարկ` դրանք անվանելով պատրանք, ու հիշեցրեց, որ հենց ԱԺ-ում այդ նույն ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մերժել է Սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը: