Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չասաց, թե տեղյա՞կ է Սերժ Սարգսյանն-Րաֆֆի Հովհաննիսյան այսօրվա հանդիպման մանրամասներին, բայց հավանական չհամարեց 2008թ.-ի դեպքերի կրկնությունը, ավելին` համոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման ցանկություն չունի: Աբրահամյանը նախ հորդորեց նման բաներ չմտածել, հետո էլ նշեց, որ կյանքը, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանան զարգացումները:
«Ընտրություններն անցել են շատ լավ, այս ընտրությունները խորհրդարանական ընտրություններից մեկ քայլ առաջ էին: Որեւէ կոնկրետ դժգոհություն չկա, որ որեւէ ընտրատարածքում, ընտրատեղամասում եղել են լցոնումներ, խախտումներ: Եղել են երեք տեղամասի վերաբերյալ դիմումներ, բոլոր տեղամասերը բացվել են եւ ընդամենը մի քանի քվեաթերթիկի տարբերություն է եղել: Եթե լինեին լուրջ խախտումներ, անպայման իրենց վստահված անձինք, հանձնաժողովի անդամները կբողոքարկեին, դա հաշվի կառնվեր ԿԸՀ-ի կողմից եւ վերահաշվարկ կլիներ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Մեր խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ այն լուրերին, որ իշխանությունների կողմից տարբեր պաշտոններ են առաջարկվել Րաֆֆի Հովհաննիսյանին: Աբրահամյանը ընդգծեց, որ նման խոսակցություն անգամ չի եղել, ավելին` ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտոն չի ուզել: