Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական դատարանում, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սկսվեց ԼՂՀ ՊՆ Մատաղիսի զորամասում ծառայած զինվորներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի արդարացման դատավճռի դեմ զինվորական դատախազության և սպանված զինվոր Ռոման Եղիազարյանի մոր՝ տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Նշենք, որ երեք երիտասարդներն, ովքեր մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, 2012-ի դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արդարացվել են:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը այսօրվա դատական նիստում պահանջեց ամբողջությամբ բեկանել Շիրակի մարզի դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկման:
Տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով դատարանից պահանջեց վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ դատավճիռ: Ըստ նրա` եթե վերաքննիչ դատարանը մանրամասն ուսումնասիրի բոլոր խոստովանական ցուցմունքները, կմիանա իրենց և ճիշտ վճիռ կկայացնի:
«Ռազմիկ Սարգսյանը տեսաերիզում պատմում է այնպես, որ մարդը, որքան էլ անտեղյակ լինի գործից, լսելով` կասի, որ մարդասպանները տղաներն են: Որպեսզի չթափառեմ այս կամ այն դատարանների դռները և չնայեմ Վճռաբեկի և Գյումրիի նման դատավորներին, խնդրում ենք կայացրեք ճիշտ վճիռ, ինչպես նախկինում: Գոնե դրանով մխիթարվենք, չէ՞ ոչ իմ տղան ծառայում էր ճիշտ հայրենիքի համար»,- հայտարարեց տիկին Մելքոնյանը և հույս հայտնեց, որ վերաքննիչ դատարանը «Մատաղիսի գործի» վերջը կդնի, և մարդասպանները կհայտնվեն ճաղերի հետևում:
Գոհար Մելքոնյանը, մատնանշելով տղաներին, հավաստիացրեց, որ իր համար մարդասպանները 3-ն են: Նա պատրաստակամություն հայտնեց անգամ որդու արտաշիրմումն իրականացնել` իրականությունը պարզելու համար:
Ռազմիկ Սարգսյանի «ինքնախոստովանական» ցուցմունքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ պաշտպանական կողմը: Արդարացվածների պաշտպան Հայկ Ալումյանը նախ խնդրեց, որպեսզի իր պաշտպանյալներին բնորոշելուց այսուհետ կիրառեն ոչ թե ամբաստանյալներ կամ, ինչպես տուժողի իրավահաջորդն էր անընդհատ կրկնում, մարդասպաններ, այլ արդարացվածներ տերմինը:
Ըստ նրա` մեղադրական կողմը և տուժողի իրավահաջորդը միայն հիմնվում են Ռազմիկի «ինքնախոստովանական» ցուցմունքի վրա, թեև 30 հատորանոց գործում կան բազմաթիվ փաստարկներ, որոնք թույլ են տվել Շիրակի մարզի դատարանին տղաների նկատմամբ արդարացման վճիռ կայացնել:
Փաստաբանը դատավարական կողմերի և հատկապես տուժողի իրավահաջորդներին Մատաղիսի դեպքերին նախորդած ժամանակահատվածում արված մի լուսանկար ցուցադրեց: Այնտեղ պատկերված էր նախկին ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյան, ով նկարում նիհար տեսք ուներ: Պաշտպանը նկատեց, որ «խոստովանական» ցուցմունքում Ռազմիկի դեմքն ամբողջությամբ ուռած է, ինչը վկայում է նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների, ծեծի մասին և յուրաքանչյուրը, ով դիտել է այդ տեսագրությունը, հեշտությամբ կարող է նկատել դա:
Բացի այդ` նա ուշադրություն դարձրեց ևս մի ինքնախոստովանական ցուցմունքի վրա՝ Արման Գրիգորյանի, ով ասել է, թե ինքն է մասնակցել զինվորների սպանությանը և տվել էր 4 զինվորների անուններ: Դատական նիստին ներկա էր նաև Մատաղիսում սպանված զինվոր Հովսեփ Մուսայելյանի իրավահաջորդ Մովսես Մուսայելյանը: Վերջինս դեմ արտահայտվեց Գոհար Մելքոնյանի բողոքին և հայտարարեց, որ իր որդու և իր ծառայակիցների սպանության գործով դատաքննությունը ճիշտ է ընթացել միայն առաջին 4 ամիսների ընթացքում, հետո, սակայն, գործի ընթացքը կտրուկ փոխվել է և հանգեցրել նրան, որ դատապարտվեն անմեղ տղաները: Նա հույս հայտնեց, որ դատարանն այս գործող ճիշտ որոշում կկայացնի:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ