կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-18 11:13
Հասարակություն

Հարազատները, որպես բողոքի նշան, Երեւան են բերում սպանված զինվորի դին

Հարազատները, որպես բողոքի նշան, Երեւան են բերում սպանված զինվորի դին

Մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված զորամասում սպանված զինվորի դին, որպես բողոքի նշան, հարազատները բերում են Երեւան` պաշտպանության նախարարից ճշմարտությունը պահանջելու:

 

Այսօր հայրենի` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում պետք է կայանար սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն, ինչպես հայտնի դարձավ yerkir.am-ին, նրա հարազատներին վրդովեցրել է ՊՆ-ի եւ իրենց որդու հրամանատարների անտարբերությունը:

 

Մահացած զինվորի հարազատներին, որոնք մինչ այդ այնքան էլ ագրեսիվ տրամադրված չեն եղել, հունից հանել է այն, որ իրենց որդու զորամասի հրամանատարությունից եւ պաշտպանության նախարարությունից ոչ միայն որեւէ ներկայացուցիչ չի եկել` հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ նույնիսկ ցավակցություն չեն հայտնել: Հանգուցյալ զինծառայողի տուն է այցելել միայն նրա վաշտի հրամանատարը եւ արհամարհական վերաբերմունքով ծնողներին առաջարկել 300 հազար դրամ օգնություն` իրենց կողմից, առանց նույնիսկ հարազատներին ցավակցություն հայտնելու:

 

Սպայի «օգնությունը» սպանված զինվորի հարազատները չեն ընդունել եւ որոշել են իրենց զավակի դին տեղափոխել Երեւան` որպես բողոքի նշան:

 

Լյուքս Ստեփանյանին ճանաչողները պատմում են, որ նա հավասարակշռված, խելացի, հանգիստ անձնավորություն է եղել, ոչ մի բացասական սովորությամբ աչքի չի ընկել եւ բանակ էր մեկնել սեփական կամքով, որպեսզի զորացրվելուց հետո կարողանար ընդունվել ու սովորել ոստիկանության ակադեմիայում: