Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասել է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։
«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։
«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,-ասում է նա։
Տիկին Թամարային փոխանցմամբ՝ իրեն անարգելու վերջնագիծը եղել է այն, երբ խնդրել է իրեն փոխանցել որդու զինվորական հագուստը, բայց առանց դատական վճռի ռազմականում հայտարարել են՝ ինքնասպան է եղել, զինվորական համազգեստը տալ չեն կարող։
«Ռազմականին ասում եմ՝ իմ տղայի հագի շորն եմ ուզում, պատասխանում են՝ ի՞նչ ես անում։ Ես իմ տղայի հոտն եմ ուզում քաշել, դա եմ ուզում։ Ես ինչ ասում եմ՝ ասում են այդ հարցերը դիր մի կողմ»,-ասաց նա։
Մայրը դեպքից ժամեր առաջ՝ 19:00-ի հատվածում է վերջին անգամ խոսել որդու հետ։ Տղան որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել, տրամադրությունը բարձր է եղել։ «Պոստ գնալն իր համար ուրախություն էր, խելքն իրենը չէր։ Այդ օրն էլ, որ խոսեցինք ուրախ էր, իմացավ, որ կոմպոտ եմ փակում, ասաց՝ փակի, որ գամ խմեմ, գնամ ատեստավորման։ Իմ տղան ինքնասպան լինելու պատճառ չուներ, ուժեղ տղա էր։ Անկապ խոսում են»,-որդու հետ վերջին հեռախոսազրույցը վերհիշելով պատմում է մայրը։
Սարգիսը 20 տարեկան էր, պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, վեց ամիս ծառայելուց հետո պայմանագիր էր ստորագրել ՊՆ-ի հետ, հինգ տարի պետք է ծառայեր։ Սարգիսն ապրում էր մոր, երկու եղբոր և քրոջ հետ, հայրը երեք տարի առաջ է մահացել։ Ընտանիքիը Սարգիսին դեպքից հինգ օր առաջ է տեսել։
«Իմ երեխային ճանապարհեցի, իր ոտքով գնաց, իմ էրեխուն բերեցին, մի հատ էլ ասում են, որ ինքնասպան է եղել, զինվորական շոր չենք տալիս»,-արցունքն արչքերին ասում է մայրը՝ հիշելով որդու ցավալի կորուստն ու պատկան մարմինների անհարգալից վերաբերմունքը, նրան հատկապեց վշտացնում է, որ զինվորը պաշտոնյաների համար արժեք չունեն։
Թամարա Գասպարյանը որդու մահը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է համարում։ Մայրը մատնանշում է դիրքերում առկա խնդիրները, որոնք չեն լուծվում։ Նա հարց է բարձրացնում՝ որտե՞ղ է այդ պահին եղել դիրքի պատասխանատուն, տղայի անմիջական հրամատարը և մյուս բարձրաստիճան զինվորականները, որոնք պարտավոր են կանխել ոչ կանոնադրական գործողությունները։
«Վերևի պաշտոնյաները թող գնան պոստը ստուգեն։ Իրենց պոստը բարդակ է։ Իրենց պատասխանատոն ո՞ւր է։ Սարգիսի պոստի տղաները, որ իջել են դիրքերից ինչո՞ւ չեկան ցավակցելու, իսկ ինչո՞ւ չեն եկել, եթե մաքուր լինեին կգային։ Ես մեկին մեղք չեմ առնում, բայց իմ էրեխուն խփել են։ Ինքը ճիշտ խոսացող էր, ինչ կար դեմքին ասում էր»,-ասաց մայրը մեկ այլ ուշագրավ տեղեկություն հայտնելով։
«Դեպքի օրն իմ տղայի պոստը փոխել են, իր ընկերների հետ չի եղել։ Էլի Վերին Շորժայում է եղել, բայց իր մշտական պոստում չի եղել»,-թե ինչու են որդուն այլ դիրք տեղափոխել մայրը պատասխան չունի։
Քննչական կոմիտեն արդեն սովորական դարձած ուժի իրավունքով մահվան այս դեպքը որակել է ինքնասպանություն։ Իրավապահ կառույցը հայտնել է քրգործ է հարուցել քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:
Սարգիսի ընտանիքում մտավախություն ունեն, որ տղայի մահը կկոծկեն կեղծ դրդապատճառ ներկայացնելով։ Ըստ ընտանիքի արդեն կեղծ վարկածներ են շրջանառվում, մասնավորապես, այն որ որդին ֆինանսկան կամ աղջկա հետ կապված խնդիրների պատճառով է նման քայլի դիմել։
«Եկան ասացին աղջկա համար է նման քայլի գնացել, պարտքերի համար, բայց սուտ է, իմ տղան ինձնից գաղտնիք չի ունեցել։ Աղջկա համար նա իրեն չէր խփի։ Ռազմականն է ինձ ասել, որ աղջկա հարց է եղել»,-ասաց Թամարա Գասպարյանը, իսկ Սարգիսի եղբայրը՝ Նարեկ Խաչատրյանը ավելացրեց․
«Ռազմականն ինձ ասաց, որ իր ընկերուհին փախել է, ընկերուհու պատճառով է եղել, իբր իր հետ դիտակետում կանգնածը լսել է, որ հեռախոսով է խոսում, տպավորություն է ստացել, որ աղջկա հետ է խոսում։ Սկզբից էս վարկածներ էր, բայց իրականություն չէ։ Հետ ասում էին, որ իր սաղավարթն ու ժիլետը տվել է ծառայակիցին, ասել է գնում եմ զուգարան ու հետ չի եկել, բայց ես չեմ հավատում իրենց վարկածին։ Ինքը իր կամքով իրեն չէր խփի, կամ իրեն դրդել են, կամ դիվերսիա է եղել, ուրիշ բան չեմ պատկերացնում»։
Տիկին Թամարայն ու Նարեկը պայքարելու են, որ բացահայտվի դեպքի բոլոր հանգամանքերը։ Իսկ մինչ այդ մայրը կապրի չսպիացող վերքով՝ Սարգիսն էլ առավոտյան ժամը 9-ից 10-ի հատվածում էլ չի զանգահարի մայրիկին բարի լույս ասելու, ինչն անում էր ամեն առավոտ։
Սարգիսի հրազենային վիրավորումը եղել է կզակի հատվածում․ սա է գրված ՔԿ-ի հաղորդագրությունում։ Սակայն, ուշագրավ է, որ ընտանիքին դիահերձարանում մահվան վկայական չեն տվել՝ որտեղ պետք է նշված լինի կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի նկարագիրը։ Բացի այս մայրն ու եղբայրը չեն ճանաչվել նաև տուժողի իրավահաջորդ։ Սարգիսի մահվան կապակցությամբ ընտանիքին Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել, չեն այցելել նաև անմիջական հրամանատարն ու համածառայակիցները, միայն գնդի հրամանատարի տեղակալն է եկել ու առանց էական տեղեկություն հայտնելու հեռացել։