կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 14:41
Քաղաքական

Նախագահ, որի հանրահավաքներին մարդիկ ինքնաբուխ են գալիս

Նախագահ, որի հանրահավաքներին մարդիկ ինքնաբուխ են գալիս

«Այս օրերին անպատկերացնելի շարժում է սկսվել Հայաստանի հյուսիսից մինչեւ հարավ: Դա վերածնունդի շարժում է, որը չի ավերում ու չի փշրում, այլ ընդհակառակը` բարություն է տարածում, հույս, հավատ ու սեր է տարածում: Ու եթե քանդում է, ապա` միայն կեղծիքը»,- Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

 

Նա Արտաշատի հրապարակում ամոթանք տվեց բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խեղել են ու կեղծել ժողովրդի կամքը` նշելով, որ, միեւնույն է, չեն մարսելու: Այնուհետեւ ավելացրեց, որ այն, ինչ եղավ այս մարզի ընտրատեղամասերում, պետք է տվյալ տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվելու հիմք հանդիսանային, եւ ասաց. «Քանի որ հաղթել եք դուք, հաղթել է ձեր քվեարկությունը: Սա ՀՀ քաղաքացու եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ազնիվ պայմանագիրն է, որտեղ այլեւս աղքատության եւ հուսահատության պատկեր չկա, եւ մենք տեսնում ենք, թե ռեժիմի անդամներն ինչպիսի խուճապի մեջ են: Դուք այդ վախը տեսնում եք նրանց տներում ու առանձնասենյակներում, իսկ ձեր աչքերում տեսնում ենք հաղթանակը»:

 

Սաֆարյանը հավաստիացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների ու կողմնակիցների կողմից վճռականության պակաս չի լինելու: Նա նշեց, որ ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ նոր Հայաստան են ուզում, նոր կյանք են ուզում, նոր նախագահ, որը, Սաֆարյանի խոսքերով, «կկարողանա հոդաբաշխ միտք արտահայտել, ժողովրդից չի պաշտպանվում թիկնապահներով, որի համար հանրահավաքներ ու հանդիպումներ չեն կազմակերպվում, եւ որի հավաքներին մարդիկ ինքնաբուխ են գալիս եւ ասում` բարեւ, Րաֆֆի'»: