կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 12:59
Քաղաքական

Կրքերն ԱԺ-ում թեժացան

Կրքերն ԱԺ-ում թեժացան

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց, որ, երբ ԿԸՀ-ն հրապարակի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, պատրաստ են ԱԺ-ում քննարկում կազմակերպել:

 

ԱԺ նախագահի առաջարկին ի պատասխան` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ իրենք համաձայն են ԱԺ նախագահի առաջարկին: «Մենք պատրաստ ենք բաց, հրապարակային քննարկել ընտրական գործընթացը, ստեղծված իրավիճակը»,- նշեց նաեւ վստահեցրեց, որ հիմա շատ լուրջ գործընթացներ են կատարվում. ժողովուրդն ուզում է լսել ճշմարտությունը: Այսօր երկրում ստեղծված թիվ մեկ հարցը հետընտրական իրավիճակն է, որն էլ պետք է քննարկման նյութ դառնա:

 

ԱԺ նախագահի առաջարկությունն ընդունեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշեց, որ ԱԺ նախագահն իր խոսքում, ըստ էության, փաստեց, որ քննակելու հարց կա: Փաշինյանը հայտարարեց, որ, իհարկե, հարգում են Սերժ Սարգսյանին ձայն տված քաղաքացիներին, բայց ուզում են տեսնել այդ քաղաքացիներին, հասկանալ՝ կա՞ն, թե՞ ոչ: «Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված քաղաքացիները տեսանելի են, իսկ Սերժ Սարգսյանին ձայն տվածներին ուզում ենք տեսնել եւ հարգել»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Նա նաեւ հայտարարեց, որ դեմ է հարցերը փակ սենյակներում քննարկելուն:

 

ԱԺ նախագահն ընդգծեց, որ ինքը չի ասել, որ քննարկումը լինի փակ, բնականաբար, պետք է լինի բաց քննարկում:

 

«Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Զարուհի Փաստանջյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահը, լինելով ՀՀԿ շտաբի պետ, լավ գիտի, որ այդ թվերը խփել են, ու թեեւ Սերժ Սարգսյանը որոշել էր խփել 90, 70, 60, բայց վերջում խփեց 58:

 

Փոստանջյանի հայտարարությունն ակնհայտորեն հունից հանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Նա նախ կոռեկտության կոչ արեց, հետո էլ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում, որոնք փաստել են նաեւ միջազգային կառույցներն իրենց հայտարարություններում: «Սերժ Սարգսյանի օգտին քվեարկող քաղաքացիները հանգիստ նստած են, աշխատում են, որ հասնենք դեպի ապահով Հայաստան»,- ասաց Շարմազանովը: Նա նաեւ հայտարարեց, որ, քննարկում ասելով, նկատի չունեն ընտրությունների արդյունքների քննարկումը:

 

Նշենք, որ ԱԺ նախագահի առաջարկությանը կողմ արտահայտվեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: