կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 12:04
Քաղաքական

Դե արի ստե, ասեմ. ԱԺ-ում կրքերը թեժացան

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեակությունն ուղեկցվեց բուռն վեճով: Մինչ կհայտարարվեր քվեարկություն, վարման կարգով պատգամավորները ձայն խնդրեցին:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկեց հետաձգել որոշման նախագծի քվեարկությունը: «Այս փուլում արդարացված չէ: Մենք Կողբը և Բերդավանը միացնում ենք, Մեղրու 15 համայնքներ միավորում ենք, երբ Մեղրու տարածաշրջանը ստրատեգիական նշանակություն ունի, ստեղծում ենք մեծ տարածքի վրա մեկ համայնք: Ես դեմ եմ քվեարկելու»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե հարցը քննարկել են և ներկայացրել` կոնկրետ Բերդի և Կողբի միացումը, և կառավարությունն ընդունել է առաջարկը, արդյունքում՝ Բերդավանն ու Կողբը մեկ համայնքում չեն լինի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, թե նախագծին կողմ է, քանի որ, քաղաքական տեսակետից դիտարկելով, իշխող քաղաքական ուժերը հիմնականում ընտրակեղծիքները կատարում են հենց փոքր համայնքներում:

Վարման կարգով խոսեց նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, թե նման նախագիծ են ներկայացնում, քանի որ Հայաստանի տնտեսական և սոցիալական պատմությունը չգիտեն: Ըստ նրա` սա Եվրոպա չէ: «Նույնսիկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել, դա ստրատեգիական կարևոր կետ է, չի կարելի երկու կոպեկի համար նման բան անել: Դա տարաբնակեցում է կոչվում: Պատմականորեն ձևավորված համայնքները, դարձրեք ամուր բերդեր»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե խոսում են ամեն ինչից, բացի բուն օրենքից:

Բագրատյանի նյարդերը տեղի տվեցին: Նա տեղից բղավեց ՀՀԿ-ական պատգամավորի վրա:

«Հանգիստ նստի տեղդ, նստի տեղդ, վունդերկի'նդ... Այ քեզի բան... »,- մի քանի անգամ պահանջեց Այվազյանը՝ բղավելով. «Էս ազվերին (озверин.-խմբ.) կերածներին հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ»:

Բագրատյանը չէր լռում. «Դե արի ստե, ասեմ, արա'»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս լռելու կոչ էր անում: Բայց Բագրատյանն արդեն կանգնել էր և փորձում էր մոտենալ Այվազյանին: Խաչատուր Քոքոբելյանն ու Գագիկ Ջհանգիրյանը հասան օգնության՝ Բագրատյանին հանգստացնելու: 

Գալուստ Սահակյանը կրկին պահանջեց. «Բոլորդ ձեր տեղերում նստեք: Պարո'ն Բագրատյան, նստեք Ձեր տեղում»:

Այդուամենայնիվ, նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և անցավ ձայների` 58 կողմ, 23 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ԱԺ-ն անցել էր հաջորդ հարցի քննարկմանը, բայց վրդովված պատգամավորները շարունակում էին վիճել, թեև լսելի չէր:

«Կա'մ ազատեք նիստերի դահլիճը, կա'մ ձեզ պահեք պատգամավորի պես»,- պահանջեց ԱԺ նախագահը: