կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 14:21
Քաղաքական

Դուք Ձեր տանը չեք. նախարարի շուրջ կրքերն ԱԺ-ում թեժացան

Դուք Ձեր տանը չեք. նախարարի շուրջ կրքերն ԱԺ-ում թեժացան

Երեկվանից խորհրդարանը քննարկում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացնում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս օրինագծով նախատեսվում է վերացնել ձկնաբուծարաններին տրվող արտոնությունները:


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իրենց ելույթներում նշել էին, որ այս փոփոխությունների հետևանքով ձկնամթերքը կթանկանա: Ի պատասխան, նախարարն ասել էր, թե նրանք «խորը մոլորության մեջ են»:

 

Այսօր արդեն իր ելույթում Էդմոն Մարուքյանը դիմեց նախարար Արամ Հարությունյանին: «Երեկվանից վիրավորական պատասխաններ տվեցիք: Ձեր այս ոճը շարունակվում է այսօր: Դուք ձեր տանը չեք, պահպանեք ԱԺ կանոնակարգ-օրենքը: Դուք մեզ ուղղված Ձեր պատասխաններն սկսում եք այս ոճով՝  դուք իրավունք ունեք հարց տալու» Մենք գիտենք, որ իրավունք ունենք հարց տալու, Ձեզ կառավարությունից ուղարկել են այստեղ, որ մեզ ասեք՝ հարց տալու իրավունք ունենք, թե` ո՞չ: Հետո ասում եք՝ դուք խորը մոլորության մեջ եք, կարող եք ասել, որ ես համամիտ չեմ ձեզ հետ, բայց ի՞նչ է նշանակում՝ խորը մոլորության մեջ եք»,- ասաց նա:

 

Պատգամավորին բնապահպանության նախարարը պատասխանում էր տեղից՝ ժեստերով:


«Հիմա խոսում եմ, Դուք ձեռքերով նշաններ եք անում, շարունակում եք Ձեզ այդ ոճի մեջ պահել: Ես չեմ հանդուրժելու: Ձեզ հորդորում եմ այդ ոճով խորհրդարանում չարտահայտվել: Պատգամավորների կողմից կոռեկտ հարցեր են տրվել, բայց պատասխանները չեն հնչել կոռեկտ»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը: Նա հավելեց, որ կառավարության բոլոր անդամներին հարգում է ու պարտավոր է հարգել, բայց և կառավարության անդամները պետք է նման կերպ վերաբերվեն ԱԺ պատգամավորներին:


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որևէ նախարար իրավունք չունի վիրավորելու պատգամավորին, և հակառակը: «Ես ուղղակի ուշադիր չեմ եղել, պարո'ն Մարուքյան: Դդա վերաբերում է բոլորին, որևէ նախարար իրավունք չունի պատգամավորներին վիրավորելու, ոչ էլ պատգամավորները` նախարարին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: