կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 14:01
Քաղաքական

Լեզվակռիվ «պապաների» ու «շեֆերի» մասին` սպառնալիքներով. կրքերն ԱԺ-ում թեժացան

Լեզվակռիվ «պապաների» ու «շեֆերի» մասին` սպառնալիքներով. կրքերն ԱԺ-ում թեժացան

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը, հարակից զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը, սակայն, վերածվեց բուռն վեճի` փոխադարձ վիրավորանքներով:

 

Նախ` Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ օրենսդրական փաթեթի անունը ճիշտ չեն դրել, որովհետև փաթեթում ներառված հարցերը ոչ մի առնչություն չունեն սահմանամերձ գյուղերի խնդիրների հետ:

 

«Անունը դրել եք, թե հարկային արտոնություն եք տալիս, բայց տեսել ենք ձեր հարկային արտոնությունը, երբ շրջանառության հարկն էիք նվազեցնում, մարդիկ դուրս եկան փողոց ու ասացին` չենք ուզում ձեր հարկային արտոնությունը, թողեք` հանգիստ աշխատենք: Հիմա էս հարկային արտոնությունով դուք ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք նույն բանն են ասելու»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այնքան մանրակրկիտ է կառավարությունը սահմանել բոլոր մանրուքները, թե թուղթը ոնց պետք է լինի, ՀԴՄ-ն ոնց պետք է լինի, հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով պետք է լինի և այլն,  որ նման պայմանները հարուցելու են սահմանամերձ գյուղերում մանրածախ առևտրով զբաղվող մարդկանց դժգոհությունը:

 

Փաշինյանը հավելեց. «Ասում եք` տատիկ-պապիկները վարսավիրանոց են գնում: Այդ տատիկ-պապիկները կա'մ մազ չեն կտրում, կա'մ էլ մեկը մյուսի մազերն են կտրում, իսկ հոսանքի ու գազի փող ամեն օր են տալիս»:

 

Վարդան Այվազյանը մատնանշեց այն բոլոր հարկային արտոնությունները, որոնք նախատեսված են օրենքով, և կոչ արեց կարդալ օրենքը, ոչ թե, առանց կարդալու, քննադատել: Նա համաձայնեց, որ մարդիկ բողոքում են հարկային քաղաքականության դեմ, բայց բողոքում են, որովհետև չեն ուզում ցույց տալ իրենց շրջանառությունը:

 

«Աբսուրդ է ստացվում, որ մարդիկ դուրս են գալիս բողոքելու: Մարդն ասում է` ավելի լավ է հինգ տոկոս վճարեմ, բայց թուղթ ցույց չտամ, որովհետև միշտ չէ, որ խոշորը թուղթ չի տալիս, հաճախ էլ փոքրը չի ցանկանում թուղթ վերցնել, որովհետև կարող է ընկնել ԱԱՀ-ի տակ»,- ասաց Վարդան Այվազյանը:

 

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց` այս անգամ զայրացած. «Երբ արտոնություն եք տալիս, բայց մարդիկ ցույց են անում, դա նրանից է, որ մի փոքր արտոնություն եք տալիս, բայց քթներից հանում եք: Ոչ մի արտոնություն էլ չեք տալիս: Տատիկ-պապիկների մասին որ մտածող լինեիք, էսքան տարիների ընթացքում չէիք թալանի նրանց ու միլիոնատերեր դառնայիք: Էդ տատիկ-պապիկները նիսյաներ ունեն, փող տվեք, որ նրանք փակեն իրանց նիսյաները, ոչ թե տանք` ձեր օբյեկտները, ձեր միլիարդները կրկնապատկեք»:

 

Նիկոլ Փաշինյանի ու Այվազյանի միջև լեզվակռիվ սկսվեց, միջամտեց նաև Զարուհի Փոստանջյանը: «Էս դո՞ւ խի անհանգստացար»,- հարցրեց Վարդան Այվազյանը նրան: «Լավ եմ անում»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը: «Տո դու չես կարում լավ անես, ուր մնաց քո կողքի նստածը»,- հակադարձեց Վարդան Այվազյանը: «Դու»-ն շեֆերդ են»,- նետեց Փաշինյանը: «Շատ կերազես` հասնես իմ շեֆերին: Պապաներդ պետք ա ասեն, որ քեզ զադանիա են տալիս, չշշկռես հանկարծ»,- ասաց Այվազյանը:

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չէր կարողանում կարգի հրավիրել պատգամավորներին: «Երբ բղավում եք, ցույց եք տալիս, որ ուրիշ արգումենտ չունեք, սա Ազգային ժողով է, ձեզ կարգին պահեք»,- հորդորում էր նա:

 

Հիշեցնենք, որ նման վարքագիծ դրսևորվեց երեկվա ԱԺ նիստում, երբ Նիկոլ Փաշինյանի` տեղից արվող զայրացած ելույթներին միացավ նաև Զարուհի Փոստանջյանը: Իսկ ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը դեռ չէին հանդարտվել և լսելի էր նրանց բարձր ձայնը: