կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 16:55
Առանց Կատեգորիա

Աո՜ւ, մտավորական

Աո՜ւ, մտավորական

Նախընտրական քարոզարշավի  այս եռուն շրջանում բազմիցս ենք լսում այս կամ այն, բայց հիմնականում՝ իշխանության թեկնածուին սատարումների մասին. զանազան մանրումեծ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ սատարում են:

 

Հերթը մտավորականներինն է: Հեռուստաընկերությունները հրավիրում են ճանաչված մտավորականների, որոնք այնպիսի քնքշանքով են խոսում նախագահի մասին, որ զարմանում ես իրականության՝ այդպիսի ընկալման եւ դիրքորոշումների կտրուկ փոփոխության վրա: Իրենց իրավունքն է, կարող են սատարել` ում ուզում են, կոչ անել` ինչպես ուզում են, մարդիկ նվիրվել են հայրենիքին, բայց այսօր ունեն սոցիալական խնդիրներ, փորձում են դրանք լուծել (կամ արդեն լուծել են եւ ձգտում են «փոխհատուցել»), սակայն հնարավոր է դա անել այնպես, որ չթողնի հորինովիի տպավորություն:

 

Երբ մտավորականն ասում է, որ ինքը ձայն է տալիս Սերժ Սարգսյանին, քանի որ նրա ծրագիրը գործունյա մարդու ծրագիր է, ընկալելի է: Գրեթե բոլոր ծրագրերն էլ լավն են, եւ մարդն ընտրել է իր համար ամենալավը: Երբ մարդն ասում է, որ Սերժ Սարգսյանը փորձառու է, պաշտոններ է զբաղեցրել եւ այժմ պետք է նրան կրկին վստահել երկրի կառավարումը, դարձյալ ընկալելի է, կարծիք է, որ կարող է գոյություն ունենալ: Երբ մարդ ասում է, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական, Ղարաբաղի եւ արտաքին քաղաքականության հարցերում ճկուն քաղաքականություն է վարում, ուստիեւ ինքը նրան է ընտրելու, չհամաձայնելով այդ տեսակետի հետ՝ հարգում ենք նրա կարծիքը: Բայց երբ մարդն ասում է, որ Սերժ Սարգսյանին է սատարում, որովհետեւ նա կարող է արտագաղթը վերացնել, տնտեսությունը զարգացնել, Հայաստանը նրա օրոք հաղթահարեց բոլոր դժվարությունները, եւ նա ժողովրդի միասնական թեկնածուն է, սա մերժելի տեսակետ է մեր, նաեւ կարծում ենք` շատերի կողմից: Որովհետեւ բազմիցս առիթ ենք ունենում ողբալու ԱՎԾ-ի բերած փաստերի վրա: Ու այդ փաստերը տեսնում են բոլորը, նախագահին գովերգողները՝ եւս:

 

Ինչպե՞ս հասկանանք, երբ հասարակությանը հայտնի արվեստի գործիչներն ասում են, որ ժողովրդի սոցիալական վիճակը շատ ծանր է, բայց ժողովուրդը Սերժ Սարգսյանին կընտրի, որովհետեւ նա կարող է լուծել խնդիրները: Հաղորդավարը հարց է տալիս, նրանք չեն լսում ու պատասխանում են, թե միմիայն Սերժ Սարգսյանին են ընդունում: Զարմանալ կարելի է, դուք այս երկրից չե՞ք, մի՞թե չեք տեսնում այն, ինչ տեսնում են այս երկրի քաղաքացիները, չէ՞ որ դուք պետք է ասեք այն, ինչ նրանք են տեսնում, բայց ասել չեն կարողանում, ձայն չունեն:

 

Հարգելի' մտավորական, որ հեռուստատեսությամբ փառաբանում ես մեր երկրի ղեկավարին, ինչո՞ւ ես խուսափում տեսակետներդ լրագրողական հանրության առաջ ներկայացնելուց: Իհարկե, պատճառ կա, որովհետեւ եթերում Ձեզ հարց է տալիս կանխակալ տրամադրվածություն ունեցող մեկը, իսկ ասուլիսում կլինեին հարցեր, որոնց պատասխանելիս կպարզեիք, որ բնավ էլ չեք սատարում նրան, ում օգտին խոսում եք եթերում:

 

Կար ժամանակ, երբ մտավորականի, խոշոր մտավորականի, ազգին մեծ ծառայություն մատուցած մտավորականի խոսքը ժողովրդի խոսք էր, հիմա, ցավոք, անցել են այդ ժամանակները, որովհետեւ թե' ժողովուրդը, թե' մամուլը, թե' քաղաքական ուժերը եւ հենց իրենք՝ մտավորականները, սկսեցին իրենց համարել այս կամ այն ճամբարի ներկայացուցիչներ: Երվանդ Մանարյանը ընկալվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, լուսահոգի Օհան Դուրյանը՝ եւս, Երվանդ Երզնկյանը, Լեւոն Իգիթյանը, Լեւոն Թոքմաջյանը՝ Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Եվ յուրաքանչուրը խոսում է ժողովրդի անունից, իսկ ժողովուրդը մնացել է արանքում: Արդեն շփոթում ենք` ո՞րն է ժողովրդի ձայնը, ո՞ւր է այն:

 

Այնքան կուզենայինք նույն մտավորականության ձայնը լսել այն ժամանակ, երբ սոված մարդը կառավարության շենքի առաջ միտինգ է անում, երբ ԱՎԾ-ն հրապարակում է արտագաղթի սարսափելի թվեր, իսկ նախագահը նշում է, թե ինքը մեղավոր չէ, որ աշխատանք չկա, երբ խոսվում է 35 տոկոս աղքատության մասին, երբ... Ամեն տարի տասնյակ միջոցառումներ ու բողոքի ցույցեր են անում զանազան ակտիվիստներ՝ բազմաթիվ առիթներով. կուզենայինք որ հրապարակում նրանց կողքին լինեիք եւ դուք: Այլապես` 5 տարին մեկ երեւալը, ուզենք, թե ոչ, պատվեր է հիշեցնում:

 

Երբ երկրի համար բախտորոշ պահերին խոշոր մտավորականների ծպտունը դուրս չի գալիս, մեղադրում ենք, թե՝ ո՞ւր էիք, երբ... Այսօր էլ նման պահերից մեկն է. նայում ենք խոշոր մտավորականների գնահատականին, Սերժ Սարգսյանին ուղղված փառաբանումների շքերթին եւ չենք հասկանում, թե մենք ուր ենք հասել եւ ուղղությունը դեպի ուր է:

 

Թախանձագին խնդրում ենք, մի' մտեք կեղծ քարոզի մեջ, մի' փառաբանեք որեւէ թեկնածուի, որովհետեւ ձեզանից շատերը մեր երկրի համար մեծ ծառայություն են մատուցել, իսկ ձեր սատարած թեկնածուի ծառայությունից շատերն են փափագում զրկվել: Ձեր յուրաքանչյուր հեռուստաեթերից հետո զգում ենք ընդամենը, որ հասարակ քաղաքացիներիս մեջ փշրվում է ձեզ տեսնելու, ձեզ հետ շփվելու եւ ձեզ նմանվելու երազանքը:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ