կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 12:20
Հասարակություն

Ես ինձ կեղտոտ կենսագրություն ունեցող մարդկանց թոռ եմ համարում. թուրք մտավորական

Ես ինձ կեղտոտ կենսագրություն ունեցող մարդկանց թոռ եմ համարում. թուրք մտավորական

Գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ կոնկրետ տեսակետ ունի: «Մարդ կոչվելու համար պետք է առերեսվել Ցեղասպանության փաստի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց նա:

 

Բուրգուջուօղլուն ընդդիմադիր է, նախկին քաղբանտարկյալ, ով լքել է Թուրքիան:

 

Նա նշեց, որ 1915-ին, իր կարծիքով, հայերին խեղդեցին իրենց բնօրրանում, և կատարվածն այլ կերպ, քան ցեղասպանություն, հնարավոր չէ բնորոշել: «Ամենավատ բանը, որ կարող է մարդը մարդուն անել, դա տեղի ունեցավ Թուրքիայում: Ես, չնայած այն փաստին, որ փախել եմ Թուրքիայից և մշտական բնակություն հաստատել Գերմանիայում, ինձ նույնքան մեղավոր եմ զգում Ցեղասպանության համար. ես ինձ կեղտոտ կենսագրություն ունեցող մարդկանց թոռ եմ համարում»,- ասաց թուրք մտավորականը:

 

Ըստ նրա` Ցեղասպանությունն անցած փուլ չէ, այն շարունակվում է, քանի որ թուրքերն այժմ ապրում են այն տարածքում, որը հայերի հայրենիքն է եղել:

 

«Արևմտյան Հայաստանը շատ զարգացած էր մինչև 1915-ը, ներկայիս Թուրքիան անգամ զարգացածության այդ մակարդակին չի հասել: Թուրքիայի կառավարությունը մեկ ելք ունի` ճանաչել Ցեղասպանությունը»,- ասաց Բուրգուջուօղլուն: