կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-09 17:58
Առանց Կատեգորիա

Իրանահայ համայնքը վերջին հրաժեշտը տվեց հայտնի մտավորական Լևոն Գ. Մինասյանին

Իրանահայ համայնքը վերջին հրաժեշտը տվեց հայտնի մտավորական Լևոն Գ. Մինասյանին

        Հունվարի 8-ին Իրանահայ համայնքը վերջին հրաժեշտը տվեց  իրանահայ հայտնի պատմաբան,բանասեր Լեւոն Մինասյանին:

 

Երբ մարդու կյանքը դառնում է ժամանակի սլացքին համընթաց նվիրումի ճանապարհ՝ նա դադարում է սովորական մահկանացու լինելու իր կենսաբանական կոչումից ու ավելիին կոչված լինելու իր առաքելությամբ արարում իր բաժին գործը՝ սերունդներին ի պահ թողնելով իր կարողությունների հանրագումարը: Իրանահայ հայտնի բանասեր, ուսուցիչ և պատմաբան Լևոն Գ. Մինասյանը իր տեսակի առաքյալն էր, ում ողջ գիտակցական կյանքը եղավ անխոնջ ու անտրտունջ աշխատանք, պրպտում ու հայտնագործում, ներհակ իր առաքելությանն ու կոչումին, իր տեսակին, ում համար թանկ ու անփոխարինելի եղավ իր ազգի մի հարուստ հատվածի պատմությունն ու մշակույթը, նրա ստեղծագործ կենցաղն ու միջավայրը: Պատմաբանի իր պրպտուն դիտակով ասես իրանահայ այս անհատանհատականությունը, որը եզակի է իր տեսակով ու կոչումով ու կշարունակի մնալ այդպիսին սերունդների հիշողության մեջ՝ շարունակողը եղավ հայ պատմիչների պատկառելի գործի, նրա գրչին պատկանող ծավալուն մատենաշարը, որը ոչ միայն իր իսկ գլխավորած Նոր Ջուղայի թանգարանմատենադարանի հարստության մի անուրանալի մասնիկն է՝ այլև իրանահայ մարդու մի յուրօրինակ անձնագիրը, նրա գոյության հարուստ վավերագրությունը: Հայերեն և պարսկերեն լեզվով նրա հեղինակած բազմաթիվ աշխատություններ համաշխարհային մասշտաբով հանրությանն են ներկայացրել, ծանոթացրել թե Իրանի և թե իրանահայության անցյալի ու մշակույթի հետ, դարձել հավաքագրված հարուստ ու հավաստի աղբյուր հետագա ուսումնասիրողների և պատմաբանների համար: Նա իրանահայ մտքի նվիրյալ պահապանը եղավ՝ շուրջ քառասուն տարի շարունակ ստանձնելով Սուրբ Ամենափրկիչ Վանքի թանգարանի, գրադարանի և տպարանի ղեկավարի պատասխանատու կոչումը, որը պահանջում էր անմանացորդ նվիրում, սրտացավ ու անխոնջ աշխատանք, և այդ ամենին նա ինքնին որդեգրվեց իր ճակատագրով, իր կոչումով ու կենսագրությամբ՝ լինելով իրանահայ համայնքում և Իրանի մտավոր դասի հայտնի անուններից մեկը:   

 

«Պատմություն Նոր Ջուղայի և Փերիա գավառի» ծավալուն գիրքը երջանկահիշատակ Լևոն Մինասյան անաչառ պատմաբանի ու բանասերի գրչին պատկանող բազմաթիվ՝ մի քանի տասնյակ անուն գրքերից մեկն է, որի ամեն մի էջը իր բովանդակությամբ, իր շարադրանքով ու համակողմանի վերլուծության հմտությամբ խոսում է մեծ մտավորականի և արժեքավոր անհատականության մասնագիտական բազմակողմանի զարգացվածության, լայնախոհ ու հեռատես ազգային տեսակի մասին: Եվ պատահական չէ, որ իրանահայության ծոցից դուրս եկած, բեղուն կենսագրությամբ իր աշխարհիկ կյանքի օրերը հարստացրած այս երանելի այրը՝ իբրև երախտագիտության նշան իր իսկ կենդանության օրոք ստացավ իր սիրելի իրանահայ համայնքի սրտից բխած ՝ ՙԼևոն Հրաշալի՚ փառապսակ կոչումը

 

      Դարակազմիկ կյանք ու հարյուրամյակների թռիչքով ապրած ու արարված մի հավաքական դիմանկար է հառնում կյանքի ինսուներեք տարեկանում իր մահկանացուն կնքած Մեծ Հայի թողած հոգևոր ժառանգությանը անգամ հպանցիկ հայացք ձգելիս:

  

   Եվ նրա հայրենակիցը լինելու հպարտությանդ զգացումին միախառնվում են կորստի ափսոսանքն ու ցավը, խոնարհումի ու խնկարկումի լռելյայն պատարագով հազարավոր կոչնակներ են զանգարկում հոգուդ մեջ և ՙհանգչես խաղաղությամբ ՝ ազնիվ երանելի՚ հրաժեշտի բառերը թևածում են նրա հոգու աներևույթ տիրույթներում: Անգամ օվկյանոսների տարանջատող հեռավորությունը դառնում է ոչինչ՝ զգալու, հոգով և մտքով կիսելու մեր բազմաթիվ հայրենակիցների, իրանահայ համայնքի և Մինասյան գերդաստանի զավակների ու հարազատների մեծ կորստի ցավը:

      Մխիթարություն բոլորիս և հավերժ լույս նրա փառավոր հիշատակին:

 

 

Խորին հարգանքով և հիշատակի խոնարհումով՝

Ամերիկահայ  մշակույթի  ֆոնդի « Փերիա » մշակութային կենտրոնի տնօրեն՝

Մասիս Բաղդասարյան