կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 15:23
Քաղաքական

Հայրիկյանի դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու պատճառը հայտնի է

Հայրիկյանի դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու պատճառը հայտնի է

Yerkir.am-ը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ Վրեժ Զատիկյանից փորձել է պարզել, թե ինչո՞ւ Հայրիկյանը  ՍԴ-ից հետ վերցրեց իր դիմումը:

 

«Մենք մինչեւ վերջին պահը վստահ չէինք, թե ինչ ենք ուզում անել: Դրա համար, քանի որ երեկ էլ ՍԴ դիմելու վերջնաժամկետն էր, դիմեցինք, որպեսզի հետո հանկարծ այնպես չլինի, որ դրա կարիքը լինի, արդյունքում` հնարավորություն չլինի: Բայց իր երազանքն առաջին օրվանից եղել է այն, որ ընտրությունները չհետաձգվեն: Նա երեկ էլ ՍԴ դիմելուց ասաց, որ չուզելով է անում, եւ իր ուզածն է, որ ընտրությունները չհետաձգվեն: Եվ այսօր արդեն որոշեց, որ ընտրությունները չպետք է հետաձգվեն»,- հայտարարեց Վրեժ Զատիկյանը:

 

Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամը հայտնեց, որ դիմում ներկայացրել են` զուտ ժամկետից ելնելով, որ «եթե այսօր որոշեին դիմել ուշ չլինի»: Նա պատմեց, որ երեկ եւ այսօր մտածել եւ որոշել են, որ դիմումը պետք է հետ վերցնեն:

 

Հարցին, թե այդուհանդերձ, ինչո՞ւ Հայրիկյանը որոշեց ընտրությունները չհետաձգել, Վրեժ Զատիկյանը պատասխանեց. «Որ որեւէ այլ ժամանակ ինչ-որ մեկը տեռորի միջոցով չկարողանա ՀՀ ընտրությունների վրա ինչ-որ ձեւով ազդել»:

 

Ի դեպ, Վրեժ Զատիկյանը դեռ վերջացած հարց չի համարում միասնական թեկնածուի ձեւավորումը` չնայած նրան, որ ե'ւ Բագրատյանը, ե'ւ Հովհաննիսյանը, կարծես, այդքան էլ հակված չեն դրան:

 

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը շարունակելու է իր քարոզարշավը: