կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 17:57
Հասարակություն

Կառավարությունը կողմ է ՎՊ նախագահի ու ՄԻՊ-ի` հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները կրճատելու օրինագծին

Կառավարությունը կողմ է ՎՊ նախագահի ու ՄԻՊ-ի` հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները կրճատելու օրինագծին

Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի և  վաղը դրական եզրակացություն կտա Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Վահրամ Մկրտչյանի, Կարինե Աճեմյանի, Խոսրով Հարությունյանի և Գագիկ Մելիքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հիմնավորմամբ' «Վերահuկիչ պալատի մաuին»  եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Վերահuկիչ պալատի մաuին»  օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում, «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետում ամրագրված,  Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց  հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ  տարբեր ժամկետների համապատասխանեցմամբ:

 

Ըստ այդմ' «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն'  ԱԺ-ի կողմից ընտրված կամ նշանակված անձն իր հրաժարականի մասին դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում, որից հետո,  եթե տվյալ անձը  3  օրվա ընթացքում հետ է վերցնում իր դիմումը, ապա նիստը վարողն այդ մասին առաջիկա նիստում տեղեկացնում է ԱԺ-ին, իսկ հետ չվերցնելու դեպքում նրա հրաժարականը համարվում է ընդունված:

 

Մինչդեռ,  ԱԺ կողմից նշանակված ՀՀ վերահսկիչ  պալատի   նախագահի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի  հարցը ստացել է այլ   իրավակարգավորում' նկատի ունենալով, որ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքով հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար սահմանված է 15-օրյա ժամկետ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» օրենքով' 10-օրյա ժամկետ:

 

Ուստի, պատգամավորների համոզմամբ, վերոհիշյալ օրենքներում փոփոխություն կատարելը անհրաժեշտ է, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված անձանց համար սահմանված է մեկ սկզբունք, բացի այդ օրենքի  ընդունմամբ կվերանան  հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ  «Վերահսկիչ պալատի մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»   օրենքներում ամրագրված  ժամկետների տարբերությունը: