Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածուներն իրենց ծրագրերում անդրադարձել են նաեւ արտաքին քաղաքական հարցերին, այդ թվում` նաեւ Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերին:
Անդրիաս Ղուկասյանն, օրինակ, հանրահայտ է համարում, որ անցյալ դարի սկզբին Թուրքիան ուժի գործադրմամբ զավթել է ինքնիշխան իրավունքներ հայ ժողովրդի պատմական Հայրենիքի նկատմամբ: Եվ այսօր Հայաստանն ու Թուրքիան, ըստ թեկնածուի, ՄԱԿ կանոնադրության համաձայն, պարտավոր են համագործակցել միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտներում`խաղաղության, անվտանգության, միջազգային տնտեսական կայունության և առաջընթացի, ժողովուրդների ընդհանուր բարեկեցության և խտրականությունից զերծ միջազգային համագործակության նպատակով:
Այս առումով, Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ առկա է 3 հանգուցային հարց, որոնց վերաբերյալ Հայաստանը և Թուրքիան պետք է համաձայնության գան, որպեսզի իրենց հարաբերությունները համապատասխանեցնեն միջազգային իրավունքի պահանջներին: Առաջին՝ Հայաստանը կարող է համաձայնել Թուրքիայի հետ ազգամիջյան հաշտեցմանն ուղղված միջկառավարական համագործակցության, եթե Թուրքիան ընդունի, որ Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը և տեղահանումը հանցագործություն է մարդկության դեմ, ինչպես նաև ներողություն խնդրի պետական այդ քաղաքականության զոհերի ժառանգներից` Ցեղասպանության փաստի հերքմանն ուղղված իր գործողությունների համար:
Երկրորդ՝ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել գոյություն ունեցող սահմանների անխախտելիության մասին, եթե Թուրքիան ընդունի, որ անցյալում Հայաստանը բռնի ուժի գործադրման արդյունքում զրկվել է անկախությունից ու իր միջազգայնորեն ճանաչված տարածքից, նաեւ` համաձայն 1982 թվականին ՄԱԿ-ի ընդունած ծովային իրավունքի կոնվենցիայի, Հայաստանին տրամադրի երաշխավորված ելք դեպի ծով ու տարանցիկության ազատություն:
Երրորդ՝ Հայաստանը կարող է բարեկամության և համագործակցության հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եթե Թուրքիան ընդունի, որ Օսմանյան կայսրությունից տեղահանված հայ փախստականների ժառանգները կարող են վերադառնալ իրենց պատմական հայրենիք` անվտանգության և արժանապատվության հարգանքի պայմաններում, որպեսզի լիովին օգտվեն բնիկ ժողովրդի բոլոր իրավունքներից, ներառյալ` ինքնորոշման իրավունքը:
Բավականաչափ մանրամասն անդրադառնալով արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, տարբեր երկրների, դաշինքների հետ հարաբերություններին` նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նույնիսկ առանձին պարբերությամբ չի անդրադարձել Ցեղասպանությանը վերաբերող հարցերին:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին, ապա նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ խնդիր է համարում: Իսկ դա, ըստ նրա, հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում:
Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանի անկախացումից հետո թուրքական` իրար հաջորդող բոլոր կառավարությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ որդեգրել են կոշտ, անբարյացակամ դիրքորոշում, որն ակնհայտորեն չի փոխվելու տեսանելի ապագայում, ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը պետք է ձևավորի` ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ այդ երկիրն առայժմ անընդունակ է Հայաստանի հետ միջպետական փոխհարաբերություններ հաստատել:
Սակայն Բագրատյանը նշում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը կաջակցի Թուրքիային արևմտյան կառույցներին ինտեգրվելու (ԵՄ անդամ դառնալու) խնդիրներում, Արևմուտք-Արևելք տնտեսական առանցքում համատեղ ծրագրեր մշակելու և ներդնելու հարցերում։
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւանների հետ: Այս համատեքստում նա հարկ է համարում ԱԺ օրակարգից հետ կանչել եւ վերանայել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Նա համարում է, որ հայ-թուրքական հաշտեցումը նաեւ ենթադրում է պատմական ու ժամանակակից բաժանարար բոլոր հարցերի ու հարաբերությունների համապարփակ ու համալիր կարգավորում, համամարդկային ու համաեվրոպական արժեքների ամբողջական ընդունում, սեփական ընդհանուր պատմության ճանաչում եւ Ցեղասպանության ու Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրի լուծում:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր ծրագրով հաստատում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական կողմնորոշիչը 1915-23 թվականների հայության նկատմամբ իրականացված Ցեղասպանության հետեւանքների վերացումն է կամ նվազեցումը:
«Մարդկության դեմ գործված այդ ծանր հանցագործությունը եզրափակվեց միջազգային իրավունքին հակասող, առ այսօր գործող ռուս-թուրքական պայմանագրով, որի հրապարակային դատապարտումն ու չեղյալ հայտարարումը Հայաստանի արտաքին քաղաքականության հրամայականներից է»,- նշվում է նրա ծրագրում:
Հայրիկյանը համարում է, որ այդ պայմանագրով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 80%-ը բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությամբ գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի տրամադրության տակ, եւ այս իրողության մասին լռությունը, մանավանդ` այդ սահմաններով Հայաստանը միջազգային կազմակերպություններին ներկայացնելը նշանակում է օրինականացնել Ցեղասպանությունը: Հայրիկյանը նույնպես համոզված է, որ պետք է հրաժարվել ձախողված «Առանց նախապայմանների» ռազմավարությունից եւ ընդհակառակը՝ ընդգծել այն նախապայմանները, առանց որոնց ընդունման Թուրքիան չի կարող գործընկեր, հարեւան պետություն համարվել:
Իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր ծրագրում ասում է, թե 2015 թվականն աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի եւ ամբողջ մարդկության համար պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման յուրատեսակ հանգրվան:
«Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում` լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի հասարակության, մակարդակով»,- նշում է Սերժ Սարգսյանը:
Գեւորգ Ավչյան