Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոցված ադրբեջանցի սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման եւ օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով. ըստ Yerkir.am-ի` Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,-ասաց նա՝ թերևս ակնարկելով բազմաթիվ ահազանգերը, որ ադրբեջանական կողմից կռվում են վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից։
Երեկ Ադրբեջանը շարունակել է գրոհել Արցախի Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Արթուր Սարգսյանի խոսքով` կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես Արցախի հյուսիսային եւ հարավային ուղղություններով:
«Արցախի պաշտպանության բանակի անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։ Ադրբեջանական կորուստները՝ 39 զրահատեխնիկա, 4` Սու-25 ինքնաթիռ, 3` Մի-24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ ադրբեջանական հրետանային դիվիզիոն։ Թշնամական ԱԹՍ-ների արտադրության երկիրը, դրանց ղեկավարումը մեր կողմից բացահայտված է և վերահսկելի»,- ասաց նա։
ՊԲ հրամանատարի տեղակալը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը երեկ ձախողվել են։
«Անհաջողություն կրելով՝ հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես` Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա:
Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների դիերի փոխանակման հետ կապված դեռևս որևէ գործընթաց չի ընթանում։ Փոխանակման համար, ասաց նա, առաջնահերթ գոնե ժամանակավոր հրադադար պետք է լինի, որի միտումը, սակայն, այս պահին չկա։
Խոսելով Արցախի հերոս Կարեն Ջալավյանի պարգևատրման մասին` նա նշեց, որ ՊԲ մարտիկների պարգևատրումները լինելու են շարունակական․ «Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հմուտ գործողություններով ապահովվել է ռազմավարական խնդիրների կատարումը»։
Մանրամասն՝ տեսանյութում: