Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին։ Այն ամբողջությամբ՝ ստորև․
-Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան:
-Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։
Թեև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, մասնավորապես՝ որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ինչպես նաև ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:
Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։
Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար։
-Այս տարվա սեպտեմբերին՝ երկար դադարից հետո, Նյու Յորքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Արդյո՞ք սա նշանկում է, որ խաղաղ գործընթացը վերսկվել է, ի՞նչ հեռանկարներ կան այս առումով:
-Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։
Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:
Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
-Արդյո՞ք Ֆրանսիան և ԱՄՆ այսօր որևէ իրական դերակատարութուն ունեն հակամարտության կարգավորման գործընթացում: Պատերազմից հետո ՄԽ-ի համանախագահող երկրների դիրքորոշման մեջ արդյո՞ք որևէ փոփոխութուն է նկատվում՝ համեմատ պատերազմից առաջ նրանց կողմից որդեգրված կեցվածքին։
-Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամներ, մշտապես իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
44-օրյա ագրեսիայի ընթացքում համանախագահ երկրները ջանքեր են գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, ինչի արդյունքում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի և հոկտեմբերի 25-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության գոտում հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները, ինչպես նաև՝ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը, տեղում ստեղծված մի շարք հումանիտար խնդիրների հասցեագրմանը։ Այս համատեքստում հիշեցնեմ 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։ Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանը:
-Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել:
-Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։
Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում:
-Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է ռազմական առումով սերտ համագործակցել ՌԴ-ի հետ և միևնույն ժամանակ բացվել դեպի Եվրոպա։
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները արձանագրված են կառավարության ծրագրում։ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, և մեր բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։
Միևնույն ժամանակ, Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:
Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործացության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։
Արևելյան գործընկերությունը նույնպես համագործակցության շատ կարևոր և ամուր հարթակ է, և մենք շարունակում ենք մեր ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։
-Ի՞նչ զարգացում են ապրում Հայաստան-Իրան հարաբերությունները:
-Մեր երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ:
Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ ոլորտներում շահավետ համագործակցությունը։
Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն, կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:
-Ի՞նչ փուլում են հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ ընթացող բանակցությունները։
-Մեզ համար շարունակում է առաջնային խնդիր մնալ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը: Կրակի դադարեցումից հետո Հայաստան են վերադարձել 100-ից ավելի գերիներ: Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին:
ՀՀ-ն հետևողական աշխատանք է տանում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ: Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին, իսկ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, խորհրդարանականներ տասնյակ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ (Human Rights Watch, Freedom House) բարձրաձայնել են խնդիրը։
Հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում։ Նշեմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իրավական այս գործընթացին։
-Ի՞նչ ակնկալիքներ ունենք հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման առումով:
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային առնչությունների և բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ հարաբերություններ։ Ֆրանսիայի հետ առկա է բարձրաստիճան քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որն ակտիվ է նաև օրենսդիր մարմինների և տեղական իշխանությունների մակարդակով։ Մեր երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, իսկ պատերազմի հետևանքների և համաճարակի դիմակայման համատեքստում նաև՝ հումանիտար փոխաջակցությունը։
Ֆրանսիան առաջատարներից մեկն է Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների առումով։ Հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն իր 20-ամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հայաստանյան շուկայում բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստող դարբնոցի հեղինակություն։
Ֆրանսիան առաջինն է, որ օրենքի ուժով ճանաչե է, և Հայաստանի կողքին ապրիլի 24-ը որպես հիշատակի ազգային օր ոգեկոչող բացառիկ երկրներից է:
Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ֆրանսիան թե' հասցեական հայտարարություններով, թե' պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերով ու համազգային բացառիկ համերաշխությամբ մշտապես մեր կողքին է եղել, որն, ի դեպ, արտացոլվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, ինչպես նաև շուրջ հարյուր շրջանների, դեպարտամենտների և քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման և արցախահայությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներում։ Օրեր առաջ էլ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող ընդարձակ հատվածներից մեկը, որտեղ տեղակայված են Կոմիտաս Վարդապետի արձանը և Երևանի այգին, անվանակոչվեց Հայաստանի էսպլանադ՝ ի նշան հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և Հայաստանի ու հայ ժողովրդի համար դժվարին փորձություններով լի այս ժամանակաշրջանում՝ ի նշան Ֆրանսիայի սատարման։
Ֆրանսիան որպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին առանցքային դերակատարում ոնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, և մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։
Ֆրանսիայի հետ մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել համագործակցության օրակարգը, ուստի կարող եմ ասել, որ այս հարցում հեռանկարները հստակ են, քանի որ միջպետական ամենաբարձր մակարդակով առկա է մեր ակնկալիքների և պատրաստակամության լիարժեք փոխադարձություն։