Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դաշինքն անհանգստության աղբյուր է Հայաստանի համար, քանի որ այդ դաշինքի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության, ըստ «Արմենպրես»-ի` EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան սպառնալիք է համարվում Հայաստանի անվտանգության համար:
«Անկասկած, վերոնշյալ երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես` եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացեիբաց սպառնում է Հայաստանին պատերազմով, իսկ Թուրքիան ցանկացած միջոցով աջակցում է Բաքվի ռազմական մտադրությունների կյանքի կոչմանը»,- նշել է Տոնոյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան, առհասարակ ռազմական համագործակցության առումով, Ադրբեջանի գլխավոր գործընկերն է:
Նախարարը հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկեց, սակայն պաշտոնական Անկարայի կողմից պատասխան քայլեր այդպես էլ չեղան: «Ի վերջո, գործընթացը կանգ առավ Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված նախապայմանների հետևանքով: Թուրքիան շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Մենք էլ պնդում ենք, որ լավագույն լուծումը կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների երկխոսության հաստատումը, ինչը թույլ կտա մեր երկրներին քայլ առ քայլ գնալ լիարժեք երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Սակայն, հաշվի առնելով նախորդ գործընթացի ձախողումը, այժմ Թուրքիայի հերթն է` հանդես գալու կառուցողական նախաձեռնությամբ»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: