Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին լսելու էր եկել նաեւ նախագահի համակուրսեցին՝ Ռուզաննա Ազիզյանը, ով Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն է: Իր ելույթում նախագահի համակուրսեցին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը շատ կրակոտ երիտասարդ է եղել: Իսկ թե ի՞նչ ասել է կրակոտ երիտասարդ, տիկին Ռուզաննան պատմեց արդեն հանդիպման ավարտին:
«Հարցադրումներն այնքան թեժ էին, որ դասախոսները երկար ժամանակ հազիվ կարողանում էին համոզել, որ` այս հարցն այսպես է, այն հարցն՝ այնպես: Իրեն շատ անհանգստացնում էին լեզվական որոշակի խնդիրներ, պրն Հովհաննես Բարսեղյանի՝ մեր դասախոսի հետ անընդհատ բանավեճի մեջ էր: Այդ բանավեճը գրագետ բանավեճ էր եւ պարզ զգացվում էր, որ տղան կարդացած է, գրագետ, տիրապետում է մայրենի լեզվին եւ պատմությանը»,- «կրակոտ» բառի իմաստը բացատրեց նախագահի համակուրսեցին:
Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է սովորել ուսանող Սերժ Սարգսյանը: Պարզվում է՝ շատ պարտաճանաչ, բարեխիղճ, ազնիվ եւ համեստ երիտասարդ է եղել, հատկապես` աչքի է ընկել գրականության ժամերին՝ իր հարցադրումներով:
«Հարցախեղդ էր անում բոլոր դասախոսներին: Հենց այդ ժամանակ էլ մենք նկատել էինք, որ հեռավոր շրջանից եկած երիտասարդն առանձնակի հետաքրքրություն ունի հայոց պատմության եւ գրականության նկատմամբ: Սիրված էր կուրսում՝ որպես համեստ երիտասարդ, բայց նաեւ` գրագետ եւ գիտակ»,- նշեց Ռուզաննա Ազիզյանը:
Հարցին` դասերից փախչո՞ւմ էր Սերժ Սարգսյանը կամ բոլորի փախուստը կազմակերպում, նախագահի համակուրսեցին վստահեցրեց, որ նման բաներ իրենց ժամանակ չկային: «Այն ժամանակվա ուսանողները ավելի շատ գալիս էին համալսարան` սովորելու: Երեւի մենք այսօրվա ուսանողներից տարբերվում ենք հենց դրանով: Երեկոյան բաժնում էինք սովորում, ե'ւ աշխատում էինք, ե'ւ սովորում»,-վստահեցրեց նախագահի համակուրսեցին:
Նա նաեւ նշեց, որ առաջ կուրսով հաճախ էին հավաքվում, հիմա՝ ոչ այդքան: Հարցին, թե կարողանո՞ւմ են շփվել, հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, Ռուզաննա Ազիզյանն արձագանքեց. «Նախագահ մարդը ժամանակ չունի մարդկանց հետ այդքան մտերիմ լինելու, մենք նրա հետ առնչվում ենք այնքանով, որքանով մյուս քաղաքացիները»:
Yerkir.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե այն ժամանակ Սերժ Սարգսյանի մոտ համակուրսեցիներն արդեն ղեկավարի, առաջնորդի ձիրքը նկատել են: Պարզվում է՝ այո: «Երբ որ քննությունների ժամանակ հավաքվում էինք` ինչ-որ հարցեր միասին քննարկելու, իր խոսքն առաջնային էր»,- նշեց տիկին Ռուզաննան:
Իսկ հարցին, թե կուրսում սիրած աղջիկ ունե՞ր Սերժ Սարգսյանը, նախագահի համակուրսեցին, հանկարծակիի գալով, արձագանքեց. «Եկեք, չանդրադառնանք հա՞ դրան»: