կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-15 12:14
Քաղաքական

Դասերից հետո մանկավարժը չի դառնում Ձմեռ պապ կամ Ձյունանուշ. Գևորգ Պետրոսյանը` մանկավարժների` աշխատանքից հետո քարոզչությամբ զբաղվելու մասին

Դասերից հետո մանկավարժը չի դառնում Ձմեռ պապ կամ Ձյունանուշ. Գևորգ Պետրոսյանը` մանկավարժների` աշխատանքից հետո քարոզչությամբ զբաղվելու մասին

Հայտնել ենք, որ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկույցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններով սահմանափակվելու է վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ` ոչ միայն թեկնածուների, այլև մնացած բոլոր անձանց համար, մասնավորապես` հանրային ծառայողների, որոնք հնարավորություն կարող են ունենալ օգտագործելու վարչական ռեսուրսը՝ ի շահ որևէ թեկնածուի։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը, արդյո՞ք իրավական պրակտիկայում նման երևույթներ բացահայտվել են, թե՞ սրանք զուտ տեսական փոփոխություններ են։ Փոխնախարարը պատասխանեց, որ փաստերի առկայությունից տեղյակ չէ, բայց կան մտահոգություններ, որ նման փաստեր եղել են կամ հնարավոր է լինեն։ «Միջազգային դիտորդների կողմից էլ են նման մտահոգություններ առաջ քաշվել, դրա համար մենք առաջարկում ենք նման փոփոխություններ»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանափակել դատավորների, դատախազների և հանրային ծառայողների մասնակցությունը քարոզչությանը, և եթե դատախազներին ու դատավորներին արգելվում է նաև աշխատանքից դուրս կատարել քարոզչություն, ապա հանրային ծառայողները, մասնավորապես` մանկավարժները, սահմանափակված չեն քարոզչությամբ զբաղվել աշխատանքային ժամերից հետո։ Պատգամավորն առաջարկեց մանկավարժներին ևս արգելել աշխատանքային ժամերից դուրս զբաղվել քարոզչությամբ, այլապես, ըստ էության, այս արգելքը չի աշխատի։

Պետրոսյանը հիշեցրեց մի շարք դեպքեր, երբ ուսուցիչները քարոզչությամբ են զբաղվել: «Դասերից հետո մանկավարժը չի դառնում Ձմեռ պապ կամ Ձյունանուշ։ Որպես ի՞նչ են ծնողին կանչում։ Զանգում, ասում են՝ դասատուն է կամ դպրոցի տնօրենն է, թող ներկայանան։ Չեմ կարծում, որ 45 տարեկանում նման եմ մարդու, ով հավատում է հեքիաթների»,- ասաց նա։

Փոխնախարարն արձագանքեց, որ իրենք չեն կարող հակասության մեջ մտնել Սահմանադրության հետ, քանի որ դրանով կսահմանափակեն մարդու հիմնարար իրավունքները։ «Մենք դրանով կսահմանափակենք մարդու հիմնարար իրավունքները։ Մանկավարժը, բուժհաստատության աշխատողը, եթե ի պաշտոնե զբաղվի քարոզչությամբ, ապա նրանց համար վարչական պատասխանատվություն է նախատեսված»,- ասաց նա։

Պետրոսյանը հավելեց, որ հարկադիր կատարողները, ոստիկանության կամ փրկարար ծառայողները ամենաքիչն են խախտում ընտրական գործընթացի ներդաշնակությունը, ուստի ճիշտ կլինի ոչ թե նրանց առհասարակ զրկել քարոզչությամբ զբաղվելու հնարավորությունից, այլ մանկավարժներին և բուժհաստատությունների աշխատողներին։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ բոլոր առաջարկությունները արվել են կառավարությանը, և առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում դրանք պետք է քննարկվեն: Նա հարցը դրեց քվեարկության: «Ծառուկյան» խմբակցության 4 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս հանձնաժողովում քաղաքական հարցեր չեն քննարկվում, քննարկվում են իրավական հարցեր, եթե պատգամավորները դեմ են ներկայացված իրավական հիմքերին, ապա պետք է դեմ քվեարկեն: «Ձեռնպահ քվեարկելու իմաստը չեմ հասկանում»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց` ձեռնպահ քվեարկելն աննպատակ չէ: «Նախագծում շատ կետեր կան, որի հետ համաձայն ենք, բայց մեզ հուզող հիմնական հարցի շուրջ կառավարությունը մերժողական մոտեցում ունի: Մենք դեմ չենք քվեարկում, որովհետև շատ կետերի հետ համաձայն ենք»,- ասաց նա:

Նախագիծն ընդունվեց և կքննարկվի ԱԺ նիստում: