Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց: Այդ նույն դպրոցում է սովորել նաև ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը, ում անվան դասարան բացվեց այսօր: Նախարարը նախ շնորհավորեց աշակերտների սեպտեմբերի 1-ը` մաղթելով, որ յուրաքանչյուրը կարողանա իր գիտելիքը հարստացնել` ի ամրապնդումն մեր ժողովրդի և պետության:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը նշեց, որ շատ կարևոր է Ադամ Սահակյանի անվան դասարանի բացումը, քանի որ այն աշակերտների համար դաստիարակչական դեր է ունենալու: «Այս կերպ հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում ենք գործնական դաշտ, և երեխան, երբ տեսնում է այդ դասարանը, հասկանում է, որ սա իր կողքին գտնվող երիտասարդն է, ով հերոսացել է: Ինձ բախտ է վիճակված եղել Թաթուլ Կրպեյանին պրակտիկայի տանել, նա անգամ տարիքով մեծ էր ինձնից: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդն ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն և առաքելություն»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ է նախընտրել այցելել հենց այս դպրոցը, Մկրտչյանը պատասխանեց` քանի որ ավագ դպրոցների փոփոխությունների շեմին ենք, ավագ դպրոցներին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, այդ պատճառով էլ մտածել են այստեղ նշել սեպտեմբերի 1-ը: «Թիվ 114 դպրոցը վերանորոգման կարիք ունի և ծրագրի մեջ է: Այն նաև ավանդույթներ ունեցող դպրոց է: Մտածում ենք, որ պետք է դպրոցում վերականգնենք լեզուների խորացված ուսուցումը»,- ասաց նա:
Նախարարը հիշեց` դպրոցական տարիներին սովորական աշակերտ է եղել` դասերից էլ է փախել, լավ ու վատ սովորել: «Ցանկացած մարդու կյանքում լինում են հաջողություններ և անհաջողություններ, հնարավոր չէ, որ միայն հաջողությունը կամ անհաջողությունն ուղեկցեն քեզ ամբողջ կյանքում: Սա մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին և պետք է սովորեցնենք դիմանալ դժվարություններին: Յուրաքանչյուր սերնդի համար իր սովորելու տարիներն առանձնահատուկ են, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր դժվարությունները: Մեզ համար մի փոքր ավելի դժվար է, քանի որ ձևավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգը, մենք ձևավորում ենք մեր սեփականը, որն ուրիշ ոչ մի տեղ չի կրկնվելու»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նա հավելեց նաև, որ դպրոցական տարիներին նախարար դառնալ չի ուզել, ուզել է պատմաբան դառնալ: