կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 13:50
Առանց Կատեգորիա

Տարածաշրջանային լարվածությունը Հայաստանի շահերից չի բխում

Տարածաշրջանային լարվածությունը Հայաստանի շահերից չի բխում

Մեր տարածաշրջանում լարվածությունը մեծացել է, եւ դա, ցավոք, Հայաստանի համար ամենեւին էլ բարեպաստ չէ. լրագրողներին այսօր հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

 

Առաջին հերթին` նա նշեց, որ Թուրքիայում հակահայկական միտումներն ակնհայտորեն ավելացել են: Դա երեւում է հայերի նկատմամբ կիրառված բռնություններից: Պապյանը կարծիք հայտնեց, որ մինչեւ 2015 թվականը Թուրքիայում հակահայկական տրամադրություններն ավելանալու են, ինչը մեզ համար խնդիրներ է առաջացնելու: Հետեւաբար, որեւէ բարելավում հայ-թուրքական միջպետական եւ միջազգային հարաբերություններում նա չի տեսնում:

 

Արա Պապյանը անդրադարձավ Իրանին եւս, որտեղ հունիսի 14-ին նախատեսվում են նախագահական ընտրություններ: Եթե նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներքաղաքական անհնազանդություններ տեղի ունեցան, ապա գալիք ընտրություններում նման դեպքեր նույնպես ակնկալվում են: Արա Պապյանը նշեց նաեւ, որ Իրանի վրա ամերիկյան ազդեցությունը փոքրանում է, ինչը մեզ համար լավ է, բայց պետք է հաշվի առնել, որ այնտեղ եւս լարվածությունը կմեծանա:

 

Մեր հաջորդ հարեւանը Վրաստանն է, որտեղ նոր ընտրություններ տեղի ունեցան, եւ այնտեղ էլ առկա է անկայուն` երկիշխանության վիճակ, եւ ինչպես նշեց բանախոսը, կանխատեսելի չէ, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, որովհետեւ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված:

 

Մեզ համար ամենակարեւորը ադրբեջանական զարգացումներն են: Այնտեղ էլ կարեւոր զարգացումներ կան, մասնավորապես` Իսմայիլըի զարգացումները, որտեղ ժողովրդական ընդվզում տեղի ունեցավ: Արա Պապյանը ասաց, որ այդ շրջանը հիմնականում լեզգիաբնակ է, եւ այստեղ սոցիալ-տնտեսական զարգացումները նաեւ ազգային բնույթ ունեն: Սա մեզ համար մի կողմից լավ է, որովհետեւ ադրբեջանական իշխանություններն իրենց ներքին խնդիրներով կզբաղվեն, բայց մյուս կողմից` նաեւ վտանգավոր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պես երկրներում հաճախ ներքին խնդիրները լուծելու համար ձեռնարկում են փոքրիկ, անարյուն պատերազմներ, իսկ դա կարող է նաեւ անցանկալի, արյունոտ հետեւանք ունենալ ոչ միայն մեզ, այլեւ հենց Ադրբեջանի համար:

 

Սակայն, ըստ Արա Պապյանի, հայ-ադրբեջանական հարաբերություններում մի գործոն եւս կա, որն ավելացնում է լարվածությունը մեր երկու երկրների միջեւ` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը: Պատային իրավիճակ է ստեղծվել այդ հարցում: Ասել է թե` կողմերից յուրաքանչյուրը, համապատասխան հայտարարություն անելով, պարտավորություն է ստանձնել իր հայտարարությունը կյանքի կոչել, եւ յուրաքանչյուրի հրաժարումն իր հայտարարությունից անպատվաբեր կլինի ոչ միայն սեփական ժողովրդի առջեւ, այլեւ համաշխարհային հարաբերություններում:

 

Արա Պապյանն անդրադարձավ նաեւ Հայրիկյանի հետ կատարված միջադեպին եւ ասաց, որ դա էլ, իր հերթին, բերում է լարվածության աճ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում: Բանախոսը հայտնեց իր կարծիքը Հայրիկյանի այն հայտարարության առնչությամբ, որ մահափորձը ռուսական հատուկ ծառայությունենրի ձեռքի գործն է, ու նշեց, որ իր համար ընդունելի չէ այդ տարբերակը:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի հնչեցրած ենթադրությանը` իր դեմ մահափորձը ռուսական հատուկ ծառայություններին վերագրելու մասին, Արա Պապյանը հիշեց, որ, բացի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսից, ոչ ոք այդ կապակցությամբ որեւէ հայտարարություն չի արել ավելի բարձր մակարդակով:

 

Իսկ հյուպատոսը քաղաքական պաշտոն չէ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում այդ հայտարարություններին: Ուստի Պապյանը կարծիք հայտնեց, թե իրեն չի թվում, որ Հայրիկյանի դեպքը լուրջ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Իսկ իր անձնական պատկերացումների համաձայն` Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողներին կամ դրա պատվիրատուներին պետք է Հայաստանի ներսում փնտրել: