Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրին 2013-ին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ միջոցառումներ են իրականացվելու` ներառելով արվեստի բոլոր ճյուղերը: Ըստ նախարարի` չկա մշակույթի որեւէ ճյուղ, որ, ասենք, Գյումրիից դուրս է:
«Բոլոր ոլորտները ներգրավված են լինելու: Առանձին անդրադարձ է կատարվելու հնագիտությանը, քանի որ մենք նախատեսել ենք երիտասարդ հնագետների դպրոց անցկացնել: Ծրագիրը կարեւորում եմ այնքանով, որ, բացի գիտական, կրթական, մշակութային մասերից, ենթակառուցվածքների զարգացմանը նույնպես ուշադրություն է դարձվելու»,- ասաց նախարարը` հավելելով, որ երբ 2010-ին Հայաստանին առաջարկվեց մասնակցել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ծրագրին, առաջին հերթին իրենք մտածեցին, որ հենց Գյումրին պետք է մասնակցի ծրագրին:
«Չեմ ուզում որեւէ քաղաքի ինչ-որ բան ասել, բայց կարծում եմ, որ Գյումրին հատուկ է` իր պատմական կապերով ՌԴ-ի հետ, իր պատմամշակութային ժառանգությունով, հոգածությամբ` իր եւ այլ երկրների մշակույթի նկատմամբ»,- նշեց Պողոսյանը:
Նախարարը վստահ է, որ այս տարի Գյումրիին սպասում է ակտիվ մշակութային կյանք, ինստիտուցիոնալ կառույցների զարգացում եւ ձեւավորում, քանի որ այդ կառույցները, ըստ նախարարի, կա'մ չկան, կա'մ էլ ժամանակի ընթացքում քանդվել են: Գյումրին, նախարարի հավաստմամբ, նոր շունչ է ստանալու, նաեւ անդրադարձ է կատարվելու այն անհատներին, որոնք քաղաքի հենքն են` իրենց թողած արվեստով` Գուրջիեւ, Մերկուրով, Մարիամ Ասլամազյան, Հարություն Հակոբյան, Ֆրունզիկ Մկրտչյան:
Ի դեպ, ֆինանսական միջոցների մեծ մասը կտրամադրվի միջպետական հիմնադրամի կողմից, կլինի նաեւ պետական ֆինանսավորում, իսկ գումարի մի մասն էլ կտրամադրի Գյումրիի քաղաքապետարանը:
Պողոսյանը նշեց, որ նախատեսվելիք ծրագրերից կան մի քանիսը, որոնք պետք է անպայման իրականացնել. «Ինձ շատ դուր եկավ հացի փառատոնը, որը շատ բազմաֆունկցիոնալ եւ բազմաբովանդակ է` գիտական հենքով, պրակտիկ եւ հանրամատչելի հատվածով: Հետաքրքիր է նաեւ հումորի փառատոն անցկացնելու միտքը»: