| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երկիր Մեդիա»-ի «Երկրի հարցը» հաղորդման հյուր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը խոսել է ՀՅԴ-ի առաջիկա անելիքների մասին:
Նա նախ հիշեցրել է, որ հունվարի երկրորդ կեսին կայացավ Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որից հետո որոշ վերադասավորումներ եղան կուսակցության մարմիններում, ապա հավելել, որ Գերագույն մարմինն այսօր իր հիմնական գործունեության ուղղություններն ունի:
«Մենք որոշել ենք հանդիպել մեր բոլոր կազմակերպական միավորների հետ, անցկացնում ենք մեծ հավաքներ: Մեկ ամսվա ընթացքում պետք է այդ հավաքները տեղի ունեն ողջ հանրապետությունում: Մենք ունենք 50 կազմակերպական միավոր` կոմիտեություններ: Մոտ 20-22 նման հանդիպումներ արդեն արել ենք: Երևանի մեր 10 կոմիտեություններից 7-ում ընկերային հավաքներ ենք արել, 10 մարզերից՝ 4-ում:
Հինգ ուղղություն կա: Առաջինը՝ մեր ընկերներին ներկայացնել Ընդհանուր ժողովի մթնոլորտը, տրամադրությունները, արդյունքները, քանի որ 4 տարին մեկ անգամ է Ընդհանուր ժողով լինում: Մենք քննարկում էինք կուսակցության և Բյուրոյի 4 տարվա գործունեությունը: Շուրջ 250 հարց է բարձրացվել, հարցերից հետո 50 ելույթ է եղել, որոնցում խոսվել է ամեն ինչ մասին: Ամեն ինչ անցել է բուռն, բայց համախոհության մթնոլորտում:
Երկրորդ՝ խոսում ենք մեր այսօրվա խնդիրների, կազմակերպական դժվարությունների, ավելի բաց, հրապարակային գործելու անհրաժեշտության մասին:
Երրորդ՝ ավելի մանրամասն ներկայացնում ենք հայաստանյան ներքաղաքական վիճակը, մեր քայլերը, դրանց հիմանվորումները: Եվ խոսում ենք ապագա ծրագրերի մասին: Մենք նաև փորձում ենք ավելի բացվել՝ մեզանից դուրս, հասարակության տարբեր շերտերի հետ ենք հանդիպում: Օրինակ` մտավորականների, դասախոսների… Հանդիպում ենք նաև դեսպանների հետ, որպեսզի նրանք ևս հասկանան մեր տեսակետները»,- ասել է Աղվան Վարդանյան:
Նա նաեւ կարեւորել է, որ շարքային դաշնակցականները պետք է վստահ լինեն, որ ՀՅԴ-ի ընթացքը հետևողական է՝ ուղղված երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելուն, հասարակության պրոբլեմներին քայլ առ քայլ լուծումներ գտնելուն:
«Եթե իրենք համոզված չլինեն, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, չեն կարող համոզել իրենց շրջապատին: Քաղաքական ուժերը իրենց միջև են հարաբերություններ պարզում՝ մոռանալով, որ մարդու համար է քաղաքականությունը: Այսօր քաղաքականությանը նոր շունչ տալու հնարավորություն կա, եւ պետք է գիշեր-ցերեկ աշխատել»,- ասել է Աղվան Վարդանյանը: