կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 15:56
Առանց Կատեգորիա

Ռաբիսի աստղի հիշատակին

Ռաբիսի աստղի հիշատակին

Աշոտ Բեգոյանը (Տոտիկ) ծնվել ու մեծացել է ռաբիսի կենտրոնում՝ Երևանի Երրորդ մաս կոչվող թաղամասում։ Մանուկ հասակում նա իր անունը՝ Աշոտիկ, արտաբերել է Տոտիկ, որը և դարձել էր նրա մականունը։ Ծնողները բաժանված են եղել։ Մեծացել է տատի մոտ։ 12 տարեկանում նրան տալիս են գիշերօթիկ դպրոց, որտեղ սովորում էին աղքատների ու մեկ կամ երկու ծնող չունեցող երեխաներ։ Երկու տարի անց փախչում է դպրոցից. «Ուսուցիչներից մեկը ամբողջ դասարանին ասեց՝ բճի վաստակներ, ես ընկերոջս հետ դասարանից դուրս եկա, քո դասին ո՞վ ա նստողը»։

 

Կիսաթափառական կյանք է վարում, ապրում է բաղերում։ Բայց նա արդեն երգելով փող էր վաստակում և իրեն ու տատին պահում։ Տասը տարեկանում` ծննդյան տարեդարձին, նվեր է ստանում փոքրիկ ակորդեոն. ասում է, որ միանգամից սկսեց նվագել. «Հենց ակարդիոնը ձեռս առա, սկսեցի նվագել։ Աստված տվել էր»։ Երաժշտության ուսուցիչ չի ունեցել:

 

Նրա առաջին հայտնի երգերից է «Ես մի տղա եմ` տասնչորս տարեկան»։ Տարիքի հետ ամեն տարի փոխվում է երգի թիվը, վերջում երգում է «Ես մի տղա եմ` 18 տարեկան»։ Դա նրա ճակատագրական տարիքն էր, երբ բանտ է ընկնում:  Միջնակարգ դպրոցն ավարտում է Կալմիկիայի գաղութում, բայց գաղութը նրա համար ավելի կարևոր դպրոց է դառնում. «Շատ մարդիկ էդ տարիքում համալսարան են ավարտում, բայց ես կյանքի ակադեմիան եմ ավարտել, հասկացել եմ, թե ինչ ա մարդը, որ ոչ մի համալսարան չի կարա տա էդ կրթությունը»։

 

80-90 թվականները Տոտիկի ամենաբեղուն տարիներն էին։ Նրա դաստան (կլարնետ, դհոլ, ակորդեոն, որ ինքն էր նվագում) հրավիրում էին` հարսանիքներին նվագելու` Ռոստովից, Թբիլիսիից, Կրասնոդարից։ Երեք օրում մինչև 2500 ռուբլի էին աշխատում (սև շուկայի գներով` մոտ 600 դոլար)։

 

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Տոտիկը ջոկատների հետ մեկնում է ճակատ։ Գրում է ռազմական երգեր, որոնցից մեկը դառնում է քայլերգ։ Հետագայում թողարկում է հայրենասիրական «Եռաբլուր» ձայներիզը։

 

Տոտիկի «Կարուսել» ու «Ճանապարհ» երգերը անլեգալ հիթեր էին, որ երգում էին Հայաստանից մինչև Միջին Ասիա: Նրա ձայնագրությունները՝ արված տներումէ սիրողական սարքավորումներով, պտտվում էին ամբողջ Հայաստանով ու խորհրդային սփյուռքով։

 

 

Հ.Գ. Կենսագրական այս հատվածը վերցված  է Վահան Իշխանյանի` տարիներ առաջ գրված ակնարկից, որ հրապարակվել էր armenianow.com-ում : Լուսանկարը եւս հեղինակինն է: Տոտիկը` Աշոտ Բեգոյանը,  այժմ չկա, չդիմացավ ծանր հիվանդությանը: Այս ֆիլմը տարիներ առաջ պատրաստել է լրագրող Սյուզան Սիմոնյանը` Հանրային հեռուստաընկերության «Հատուկ գոտի» ծրագրով: